Շատերը լսած կլինեն Գեղցի Գևոյի «բա որ ես էլ ծիտիկ դառնամ» երգը։ Մարդիկ կարող են սիրել ռաբիս, կամ՝ ոչ, սակայն գրեթե չկա մի մարդ, որը խնջույքի սեղանի շուրջ երբևէ ռաբիս երգի տակ ժամանակ անցկացրած չլինի։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի սիրում ռաբիս, այնուամենայնիվ դժբախտություն չէ, եթե ստիպված է լինում թեկուզ հանգամանքների բերումով լսել, այ ողբերգություն է, երբ երկրի քաղաքականությունը կառուցված է «բա որ ես էլ ծիտիկ դառնամ» երգի տրամաբանությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական կոնցեպտը ոչնչով չի տարբերվում «ծիտիկից»։ ՔՊ-ական ողջ քաղաքականությունը կառուցված է «բա որ»-ի, «եթե»-ների ու «եթե մորքուրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեին» պատկերացումներով։ Այլ խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չունեն ո՛չ մշակված մարտավարություն, ո՛չ էլ հստակ ռազմավարություն, չունեն պետական ծրագիր, չունեն ոչինչ, բացի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու մոլուցքից։
Այսօր Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն անդրադառնում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացմանը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «բա որ մենք վերադարձնենք Արծվաշենն, ու պարզվի այնտեղ մզկիթ է կառուցված, ի՞նչ ենք անելու»։ Այնուհետև Հայաստանի փաստացի ղեկավարը Ստեփանակերտի եկեղեցին տողատակերով համարեց անարժեք մի շինություն միայն այն պատճառով, որ կառուցվել է 2016 թվականին։
Նիկոլ Փաշինյանին պարզապես կարելի էր համարել շարքային անգրագետ, եթե նրա գործողությունները պայմանավորված չլինեին Բաքվի թելադրանքով։
Նախ՝ այս մարդը հավանաբար մոռացել է, որ մենք ապրում ենք 21-րդ դարում ու Արծվաշենի վերադարձի դեպքում, որին ես կասկածում եմ, ամենևին պարտադիր չէ հասնել տեղ ու նոր պարզել, որ այնտեղ մզկիթ է կառուցված։ Եթե մեր արտաքին հետախուզության ծառայությունը զբաղված չլիներ միայն ընդդիմադիրների հեռախոսները գաղտնալսելով, ապա ընդամենը կես վայրկյանում կարող էր պարզել, Արծվաշենում կառուցվա՞ծ է մզկիթ, թե՞ ոչ։
Երկրորդը՝ ազգային, մշակութային արժեքները պայմանավորված չեն նրանց կառուցման թվով, այլ ազգային ու մշակութային կարևորությամբ։ Նման տրամաբանությամբ՝ Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք կառուցվել են վերջերս, հետևաբար դրանցից որևէ մեկը որևէ արժեք չունի, ու կարելի է քանդել ցանկացած պահի։ Բացի այդ, ցանկացած եկեղեցի, որն ունի բազմադարյա պատմություն, անպայման եղել է մի օր, երբ այն կառուցվել է առաջին անգամ։
Երրորդը՝ Ադրբեջանի գործողությունները պայմանավորել եկեղեցու կառուցման տարեթվով, նման է ջայլամի վտանգից փախչելուն, երբ գլուխը թաղում է հողում, իսկ հետույքը՝ դեմ տալիս հոշոտման։ Ադրբեջանն Արցախում ոչ թե քանդում է եկեղեցիները, քանի որ դրանք կառուցված են այս կամ այն տարեթվին, այլ ոչնչացնում է հայկականության հետքը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ շատ ավելի «ազնիվ» էր Արսեն Թորոսյանը, որը հայտարարեց, որ Ադրբեջանն իր տարածքում անում է՝ ինչ ուզում է։
Եվ չորրորդը՝ երբ Նիկոլ Փաշինյանը ցանկացած հարցին արձագանքում է պատերազմի շանտաժով, դա նշանակում է, որ ոչ միայն խաղաղություն, այլ իրական բանակցություն գոյություն չունի։ Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են ոչ թե որպես երկու իրավահավասար պետություններ, այլ աշխատում է հաղթողի թելադրանքը պարտվածին սկզբունքը, հակառակ դեպքում ոչ միայն Ադրբեջանը չէր փորձի Արցախից ջնջել ողջ հայկականը, այլ խոսքով բուն Արցախը, այլև Հայաստանի կողմից իր մշակութային արժեքների պահպանման հանդեպ պահանջատիրությունը չէր հանգեցնի պատերազմի։ Եթե այդպիսի բան լիներ, ապա ողջ երկրագունդն այսօր կգտնվեր քաոսի մեջ, որովհետև ցանկացած պետության դժգոհություն որևէ այլ պետության քայլերի հանդեպ, հանգեցնելու էր պատերազմի։
Կարեն Կարապետյան

Русский