MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ նախորդ ամսվա համար ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
Իսկ ահա այսօր ամբողջ «Ֆեյսբուք»-ը ողողվել է բժիշկների բողոքի ձայնով, նրանք միանում են «Բուժաշխատողների նախաձեռնող խմբին». կողմ են, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների վարձատրության պայմանները:
MediaHub-ը կապ հաստատեց ահազանգող բժիշկներից մի քանիսի հետ, որոնք իրենց բողոքի ձայնն են այսօր բարձրացրել։ Նրանք ևս մեկ անգամ հավաստեցին, որ ապահովագրական համակարգը խնդիրներ է առաջացրել իրենց համար։
Նշենք, որ այս դժգոհությունները առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ականջն էլ էին ընկել։ Եվ նա որոշել էր տեսանյութով արձագանքել այդ դժգոհություններին։ Եվ փոխարենն իր աշխատանքով զբաղվեր (դեռևս չգիտենք՝ բլոգ վարելն իր աշխատանքային պարտականությունների մեջ մտնո՞ւմ է), նա որոշել էր իր ձայնը բարձրացնել, ինչը, մեր համեստ կարծիքով, ավելի լավ է՝ չաներ։ Կամ գոնե, անելու դեպքում զուտ ինֆորմացիա փոխանցեր։
Իսկ ի՞նչ արեց նա. որոշեց տեսահոլովակ նկարել՝ «ձեռք առնելով» բողոքող բժիշկներին։
Տեսահոլովակում երևում է, որ նա ծաղրում է բողոք բարձրացրած բժիշկներին, որոնք օրեր առաջ նամակ հանձնեցին ԱԺ բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
Փոխնախարարը ծաղրել է ապահովագրական համակարգի ներդրումից դժգոհող բուժաշխատողներին, այնուհետև առաջացած բողոքի ալիքի հետևանքով ստիպված է եղել հեռացնել տեսանյութը։
Նշենք, որ նրա հրապարակած տեսանյութը բուժաշխատողները որակել էին որպես «անամոթություն», «ոչ հարգալից վերաբերմունք բժիշկների նկատմամբ», «կապիկություն» և այլն։
MediaHub-ը փորձեց կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչ է մտածում Անահիտ Ավանեսյանը փոխնախարարի պահվածքի մասին, արդյո՞ք նորմալ է նայում այն փաստին, որ փոխնախարարը կարող է ծաղրել բողոքի ձայն բարձրացրած անգամ մեկ բժշկի, և ի՞նչ է մտածում նախարարը հարյուրավոր բողոքող բժիշկների մասին։
Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան․․․

Русский