Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Պացիենտի համար ստանում ենք 20-ից 800 դրամ». բժիշկների աշխատավարձը դարձել է 50.000 դրամ

Blog Image

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ նախորդ ամսվա համար ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։ 

Իսկ ահա այսօր ամբողջ «Ֆեյսբուք»-ը ողողվել է բժիշկների բողոքի ձայնով, նրանք միանում են «Բուժաշխատողների նախաձեռնող խմբին». կողմ են, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում  վերանայվեն բժիշկների վարձատրության պայմանները:

MediaHub-ը կապ հաստատեց ահազանգող բժիշկներից մի քանիսի հետ, որոնք իրենց բողոքի ձայնն են այսօր բարձրացրել։ 

Պոլիկլինիկայում աշխատող բժիշկները զարմացած են. սկզբից մի քանի տարի «մոմի լույսի տակ» սովորել են, ապա սկսել են աշխատել դեռ համալսարանական ժամանակներից, իսկ այժմ ստանում են 50.000 դրամ աշխատավարձ՝ մինիմալ աշխատավարձից էլ ցածր։

«Մենք կողմ ենք ապահովագրությանը, երկար տարիներ սպասել ենք, բոլորս էլ թոշակառու ենք լինելու, և մեզ պետք է ապահովագրություն, որ և՛ մենք ապահովված լինենք, և՛ պացիենտն ապահովված լինի, բայց այն չի կարող լինել բժշկի աշխատավարձի հաշվին, մեր աշխատավարձը կրկնակի իջել է։ Մեր թաղամասում գինեկոլոգի 1 հաստիքը 3300 կին է սպասարկել, 3300 կնոջ համար պետությունը, որպես պետպատվեր, ուներ գործակից, և մենք ստանում էինք մոտ 100․000 դրամ աշխատավարձ։ 20 տարի է` սպասում ենք, որ մի բան կփոխվի, որ կբարձրանա աշխատավարձը, ապահովագրությունը կմտնի, մենք էլ կլինենք վստահ, որ ապահովագրությունից ստանում ենք արժանի վարձատրություն։ Բայց տեսեք ինչ ստացվեց, էդ կանանց թվից իրենք հանեցին 65 պլյուս կանանց, զրոյից 18 տարեկաններից և նրանց, ովքեր 200000 դրամ աշխատավարձ են ստանում և ապահովագրության շահառու են։ Այդ կանանց հանեցին, մեզ մնաց մոտ 30․000 դրամ, որի վրա պիտի կարողանանք հավաքել ապահովագրական կանանցով արված կոնսուլտացիաների վճարը»,- մեզ հետ զրույցում նշեց գինեկոլոգ Արմենուհի Պողոսյանը։

Ըստ բժշկի՝  եթե թաղամասային թերապևտը ապահովագրականով է ուղարկում բուժառուին ստուգման, 3000 դրամ է փոխանցվում պոլիկլինիկային, դրանից էլ 700-800 դրամն են տալիս որպես նեղ մասնագետի խորհրդատվության գումար։ 

«Հիմա ես ապահովագրված 65 տարեկանից բարձր քանի՞ կնոջ պիտի օրական սպասարկեմ՝ տա՞սը, քսա՞ն, երեսո՞ւն. չկա՛ն։ 65-ից բարձր կանայք դիմում են վիրահատության համար. իրենք գինեկոլոգի կարիք չունեն։ Խորհրդատվությունը, որը ենթադրում է բավականին ծանրաբեռնված համակարգչային աշխատանք, ապա կնոջը տանել պրոցեդուրայի սենյակ, զննել, գալ խորհուրդը տալ, ուղեգրումներն անել, ճիշտ գրանցել և այլն, որ հետո էլ տույժ-տուգանքի մեջ չլինես, վարձատրվում է 700 դրամ։ Մյուս նեղ մասնագետներն էլ մեր պոլիկլինիկայում ստանում են 700 դրամ՝ նախորդ 3000-ի փոխարեն»,- ասաց Պողոսյանը։

Նա հավելեց․ «Տեսե՛ք, թերապևտն ուղարկում է մեզ կնոջ, որին մենք պիտի նմուշառում անենք, սկրինինգային ծրագիր է. դրա համար նրան փոխանցվում է 400 դրամ, ես այդ աշխատանքը տանում եմ, ինձ տալիս են 150 դրամ։ Կասե՞ք՝ դրա տրամաբանությունը ո՞րն է. էդ թարախը մենք ենք շնչում, էդ բարդ գործը մենք ենք անում»։

Գինեկոլոգ Ստելլա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում  նշեց․ «Մենք աշխատում ենք 36 ժամ, ստանում ենք 50000 դրամ, սա անգամ մինիմալ աշխատավարձ չի։ Ու սա ասում է ձեզ բժիշկ, որն ունի 20 տարվա ստաժ, բարձրագույն կրթություն. սա արդեն վերջին կաթիլն է։ 16 տարեկանից գիշեր-ցերեկ պարապել եմ, մոմի լույսի տակ սովորել, ընդունվել եմ բժշկական համալսարան, այնտեղ սովորելը խաղ ու պար չի, դու անձնական կյանք էլ չունես։ Ես օր ու գիշեր աշխատում եմ, աշխատանքից տուն եմ գնում, պացիենտը զանգում է, պարտավոր եմ հասանելի լինել նրա համար՝ կարող է հղի կին լինի, արյունահոսող լինի, կյանքի հարց է, հասկանո՞ւմ եք։ Ու մեզ էս կարգի անարգե՞ն, ստանանք ընդամենը 50000 դրամ աշխատավա՞րձ»։

Նրա խոսքով՝ թերապևտներն ու մանկաբույժները չեն բողոքում, որովհետև իրենց աշխատավարձն ամեն տարի գրեթե վերանայվում է, իսկ մեր աշխատավարձը չի վերանայվել մի քանի տարի, գործակիցը չի փոփոխվել։

«Մենք ամեն կնոջ համար, ով չունի ապահովագրություն, ստանում ենք կեղտոտ 31 դրամ, մաքուր՝  22-23 դրամ, մի կնոջ համար, պատկերացնո՞ւմ եք, մի կնոջ կյանքն ինչքան է գնահատվում, իսկ հղի կնոջ համար մոտ 1400 դրամ ենք ստանում, այսինքն՝ հղի կնոջ ու երեխայի կյանքն ու առողջությունն է այդքան գնահատվում»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։ 

«Փախհատուցման մեխանիզմն առաջիկայում կներեկայացնենք, որ առավել պարզ լինի. փետրվարը կամփոփենք և կտեսնենք, թե վիրաբուժական, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասով աշխատավարձի փոխհատուցման ինչ պատկեր է, դրական ինչ փոփոխություններ են եղել: Որոշ ուղղություններով հարցերի, իհարկե, հանդիպում ենք և հետևողականորեն դրանք  դիտարկում ենք»,- MediaHub-ին ասաց  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

Մարիաննա Արամյան

Send