Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իշխանությունը փորձում է վերացնել այն ամենը, ինչ մեր տղաների կյանքի ու պայքարի մասին է․ Տոնոյան

Blog Image

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին ընդառաջ՝ Երևանի Հաղթանակի զբոսայգում մաքրել են Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը։

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, անդրադառնալով երևույթին, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի զարմացել, որովհետև այս իշխանությունից սպասում է ամեն ինչ։
 
«Ես գիտեի, որ մի օր այդպես է լինելու։ Սկզբից էլ դեմ եմ եղել այդ գրաֆիտներին։ Շատ անգամ առաջարկել են նույնիսկ Մենուայի դիմանկարը նկարել, բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել։ Նույնիսկ դեմ եմ, որ նրա նկարը շապիկների վրա լինի։ Շորը հնանում է, նկարը՝ խունանում, իսկ պատը կարող է ճաքել։ Ես չեմ ուզում մի օր տեսնել որդուս նկարը նման վիճակում։ Ինչ վերաբերում է Ալբերտ Հովհաննիսյանի նկարին, ինձ համար զարմանալի չէ։ Այս իշխանությունն անում է այն, ինչ ուզում է։ Եվ, ընդհանրապես, ինձ թվում է՝ հայկականի հետ կապված ամեն ինչ աստիճանաբար մաքրում են։ Նույնիսկ փորձում են վերացնել այն ամենը, ինչ մեր տղաների կյանքի ու պայքարի մասին էր։ Իսկ մենք հիմա խոսում ենք նրանց նկարների մասին»,- ասաց Տոնոյանը։
 
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսին մաքրել են նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և պատերազմում հերոսաբար նահատակված մյուս տղաների գրաֆիտները։ Այս անգամ այդ ձեռքը հասել է Ալբերտ Հովհաննիսյանին։ 19-ամյա Ալբերտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Պատերազմի օրերին նրա՝ հրետանային կայանքից կրակ բացելու պահը պատկերող լուսանկարը կարճ ժամանակում լայն տարածում գտավ Հայաստանում և Սփյուռքում։ Այն դարձավ 44-օրյա պատերազմի ամենաճանաչելի ու խորհրդանշական լուսանկարներից մեկը՝ որպես տոկունության, պայքարի և հաղթանակի ակնկալիքի խորհրդանիշ։ Տարիներ շարունակ այդ պատկերը պահպանվում էր նաև Երևանի հանրային տարածքում՝ որմնանկարի տեսքով։ Այժմ այն հեռացվել է։
 
Դեպքը տեղավորվում է զոհված հայ զինծառայողներին նվիրված որմնանկարների և պատկերների հեռացման վերջին շրջանի դեպքերի շարքում։ Այս տարվա հունիսին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ քաղաքային տարածքներում որմնանկարներ և գրաֆիտիներ իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ համապատասխան թույլտվություն՝ ներկայացնելով աշխատանքի էսքիզը, ինչպես նաև դրա նպատակի և բովանդակության վերաբերյալ տեղեկություն։
 
2023 թվականին Արցախի հայաթափումից և բռնի տեղահանումից հետո նման պատկերների նշանակությունը շատերի համար առավել է ընдգծվել։ Դրանք վերածվել էին նաև Արցախի, հայրենիքի և պատերազմի հետևանքով կորցրած սերնդի հետ կապը պահպանող հանրային հիշողության տեսանելի նշանների։
 
Ալբերտ Հովհաննիսյանը 2020 թվականին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 2021 թվականին նրան շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը՝ «Ոսկե արծիվ» շքանշանի հետ։
 
Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում նրա որմնանկարն այլևս չկա։ Սակայն այն պատմությունը, հիշողությունն ու խորհուրդը, որոնց կրողն էր այդ պատկերը, մեկ պատի վրայից դրա հեռացմամբ չեն վերանում։

Send