Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր բնակավայրերն են տրվելու Ադրբեջանին, Արծվաշենի տարածքն ընդգրկվա՞ծ է 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ. հարց՝ ԳՇ պետին

Blog Image

Երեկ այնքան էլ հաջող օր չէր Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի համար։

ԱԺ-ում լրագրողները նրան մի շարք անհարմար հարցեր ուղղեցին՝ հիշեցնելով թե՛ Ջերմուկի օկուպացված տարածքներից ադրբեջանցիների նահանջի մասին նրա նախկին հուսադրող հայտարարությունները (ԳՇ պետն այն ժամանակ վստահեցրել էր, որ ադրբեջանցի զավթիչները շուտով կսովածանան և կնահանջեն), թե՛ հետաքրքրվելով՝ որպես Արցախի ռազմական վերնախավի ներկայացուցիչ՝ ինչո՞ւ չի զոհվել պատերազմում։

Լրագրողները նաև բարձրաձայնեցին բանակում չդադարող ինքնասպանությունների և սպանությունների մտահոգիչ վիճակագրությունը, ինչպես նաև պարզաբանում պահանջեցին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների կողմից ամրաշինական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Ակնհայտ էր, որ շատ հարցերի պատասխաններ նա չուներ և փորձում էր շրջանցել դրանք, չպատասխանել կամ սահմանափակվել կցկտուր մեկնաբանություններով։

Այն բանից հետո, երբ ԳՇ պետը հայտարարեց, որ ամբողջությամբ տիրապետում են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար հիմք հանդիսացող քարտեզներին և դրանց համաձայն իրականացնում են իրենց հանձնառությունները՝ համապատասխան հատվածներում տեղակայելով սահմանապահներին, MediaHub-ը հետաքրքրվեց, թե այդ քարտեզների համաձայն Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անկլավների կամ ադրբեջանական տարածքների անվան տակ ՀՀ ո՞ր բնակավայրերն է պատրաստվում հանձնել Ադրբեջանին։

Նրան նաև հիշեցվեց, որ բոլորովին վերջերս նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը, օգտագործելով երեք գյուղերի ադրբեջանական անվանումները, հայտարարել էր, թե դրանք պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ պատճառաբանելով՝ դրանք հայկական տարածքում չեն։ Ավելի վաղ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։

ԳՇ պետը փորձեց չշեղվել իշխանության պաշտոնական խոսույթից՝ նշելով, որ «ՀՀ տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և այդ տարածքից ոչ մի թիզ հող չի հանձնվելու Ադրբեջանին, անգամ եթե դրա մեջ ներառված լինեն անկլավներ»։

Մենք կրկին խնդրեցինք պարոն Ասրյանին հստակեցնել, թե այսօր ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող և հայ բնակչություն ունեցող ո՞ր բնակավայրերն են փոխանցվելու Ադրբեջանին։ Սակայն ԳՇ պետը խուսափեց պատասխանել՝ հայտարարելով, թե իբր մենք «հարցի վրա հարց ենք բարձրացնում»։

Եթե պարոն Ասրյանը կարդա այս հոդվածը, հիշեցնենք, որ 1977 թվականի «Սովետական հանրագիտարանում» ՀԽՍՀ պաշտոնական տարածքը նշված է 29 800 քառակուսի կիլոմետր։ Այդ տարածքը ներառում է նաև Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Արծվաշենը՝ շուրջ 40 քառակուսի կիլոմետր մակերեսով։

ՔՊ-ի ղեկավարը հայտարարում է, որ Արծվաշենը պետք է դիտարկվի որպես ՀՀ ինքնիշխան տարածք, և այդ տրամաբանությամբ՝ հայելային մոտեցմամբ, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները պետք է համարվեն Ադրբեջանի տարածք։ Սակայն մինչ օրս հստակ չէ, թե Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից հաճախ հիշատակվող 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվա՞ծ է արդյոք Արծվաշենի տարածքը։ Եթե այո, ապա ինչո՞ւ է 29 800 քառակուսի կիլոմետրը դարձել 29 743։

Արձանագրենք նաև, որ Էդվարդ Ասրյանը չցանկացավ թվարկել այն բնակավայրերի անունները, որոնք, ըստ հնչող մտահոգությունների, կարող են դուրս մնալ Հայաստանի վերահսկողությունից։

Թագուհի Ասլանյան

Send