Մարտի 12-ին ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։
MediaHub-ն ավագանու նիստի օրակարգից պարզել է, որ նախագծերից մեկով առաջարկվում է հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի կիսանդրու տեղադրումը Երևան քաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Մանուշյանը ծնվել է 1906 թվականին, Օսմանյան կայսրության Ադիյաման քաղաքում եւ վերապրել Հայող ցեղասպանությունը։ Ծնողներն սպանվել են կոտորածների ընթացքում, սակայն ինքը հաջողացրել է ազատվել եւ եղբոր հետ միասին 1925 թվականին հասել Ֆրանսիա։
Լինելով համոզված կոմունիստ՝ ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաեւ հայկական «Զանգու» թերթը։ Մանուշյանը պոետ էր, հրապարակախոս, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։
1943 թվականի նոյեմբերի 16-ին Մանուշյանի խումբը ձերբակալվել է և մի քանի ամիս տևած հարցաքննություններից և տանջանքների ենթարկվելուց հետո 1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանն իր դիմադրության խմբի 23 անդամների հետ մահապատժի է ենթարկվել Փարիզի մոտ գտնվող Ֆորտ Մոն Վալերիեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։
Մարիաննա Արամյան

Русский