Ի հեճուկս իշխանությունների քմահաճույքին և չնայած Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառված՝ երկրից բացակայելու արգելքին՝ փետրվարի 17-19-ը, ինչպեսև նախատեսված էր, Ավստրիայի Սանկտ Փյուլթն քաղաքում կայացավ Եպիսկոպոսաց հավաքը, որին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսներն, որոնց ելքն արգելված էր Հայաստանից, մասնակցեցին տեսակապով։
Հավաքի վերջում ժողովականները հայտարարությամբ հանդես եկան, որում եպիսկոպոսաց դասն իր մտահոգությունը հայտնեց եկեղեցի-պետություն հարաբերությունների առնչությամբ և հորդորեց իշխանություններին դադարեցնել Հայ եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել այդ դարավոր կառույցի ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու Հայոց Հովվապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազաններին, ի պաշտպանություն եկեղեցու հանդես եկած հայորդիներին։
Հավաքին մասնակից բոլոր 25 եպիսկոպոսները հայտարարության մեջ նաև իրենց հավատարմությունն են վերահաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խոտորյալ ութ սրբազաններին հորդորելով գործել Սուրբ Էջմիածնի և Հայոց Հովվապետի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական խնդիրները արծարծել ու լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակակրոնական գործողություններից, եկեղեցին ջլատող քայլերից և անջատողական դրսևորումներից՝ ինչպիսիք Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումն ու արտաքին պարտադրանքով այսպես կոչված «բարենորոգման» շարժումներին անդամագրվելն են։ Հայտարարության տակ ստորագրել են հավաքին մասնակից բոլոր 25 եպիսկոպոսները, որոնց մեջ է նաև Հովնան Եպիսկոպոս Տերտերյանը։ Իսկ նա ոչ վաղ անցյալում հոժարակամ միացել էր «տիրադավների» նոսր բանակին։
Մի կողմից ողջունելի է, որ իրենց ուխտին ու հավատքին դեմ դուրս եկած ու աշխարհիկ իշխանությունների ձեռքին «խաղալիք» դարձած հոգևորականները ապաշխարում են։ Բայց նաև մտահոգիչ է, որ մեկ անգամ դավաճանած սպասավորը կարող է նորից շեղվել իր ուղուց ու ավելի դավադիր քայլ անել Հայաստանյայց Առաքելական եղեկեցու ու մեր հավատքի դեմ՝ օգնելով, որ իշխանությունները ի վերջո ջլատեն այդ կառույցն ու օտարին ի սպաս դնեն։
Այս առնչությամբ աստվածաբան Վարդան Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Հայ Եկեղեցին այն կառույցն է, որը միշտ դարձի գալու հնարավորություն է տալիս մոլորյալ զավակներին, և եկեղեցին պատրաստ է ներում շնորհել, եթե ապաշխարում և դարձի գալու պատրաստակամություն լինի։ Կաթողիկոսը կարող է նման մեծահոգություն դրսևորել։
Ինչ վերաբերում է կարգալույծ արված սրբազաններին, Վարդան Խաչատրյանն իր զարմանքը հայտնեց ներեկեղեցական հարցերը իրավապահ կամ դատական համակարգի միջոցով լուծելու քայլերի հետ կապված՝ ասելով, որ նման պրակտիկա երբևէ չի եղել։
«Ես զարմացած եմ, ինչպես կարող են Եկեղեցու կողմից իր ներսում ու կանոնակարգով արված որոշումներն ու քայլերը վերանայվել դատախազության կամ դատարանի կողմից»,- նշեց նա։
Անդրադառնալով Եպիսկոպոսաց հավաքի հայտարարության մեջ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի վերաբերյալ մտահոգությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտված հայորդիրներին շուտափույթ ազատ արձակելու ուղղութամբ ջանքեր ներդնելու կոչին՝ աստվածաբանն ասաց, որնման կոչերը Եկեղեցու իրավասության շրջանակներում է, և որևէ իշխանություն չի կարող հոգևոր դասին մեղադրել պետության գործերին անհիմն խառնվելու մեջ, ինչպես որ դա արեցին դեռ նախորդ տարի Շվեյցարիայում կայացած համաժողովում Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներին ազատելու Կաթողիկոսի կոչից հետո։
«Եկեղեցին 1700 տարի պահպանել է հայկական ինքնությունը, իսկ իշխանությունները ժամանակավոր պետականության լծակներ են ունեցել իրենց ձեռքում։ Մեր պատմության մեջ եղել են դրվագներ, դեպքեր, երբ իշխանության ու եկեղեցու միջև հակասություններ են ի հայտ եկել։ Բայց եկեղեցին մշտատև է և մեզ համար հիմնական պայքարող արմատ է, հայոց ինքնության հետ ամենակապված վերարտադրող կառույց է։ Եվ բնականոն է, որ այսօր էլ այդ կառույցը նման հարցեր է բարձրացնում, դա նրա իրավասության շրջանակում է։ Ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, ընդհանրապես, քրիստոնեական եկեղեցիները պարբերաբար նման միջամտություններ արել են՝ մասնավորապես գերիներին ազատ արձակելու առնչությամբ ու առաքելությամբ։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և պատերազմից հետո»,- նկատեց նա։
Ըստ Վարդան Խաչատրյանի՝ իշխանությունները պետք է դադարեցնեն եկեղեցու նկատմամբ իրենց քայլերը, քանի որ դա թուլացնում է մեր պետությունը և ավելի խոցելի դարձնում մանավանդ տարածաշրջանային այսօրվա պայմաններում։
«Տարածաշրջանում լարված ու անկանխատեսելի վիճակ է, իշխանությունները պետք է հնարավորինս զերծ մնան եկեղեցու հանդեպ ունեցած իրենց մտադրություններն իրագործելուց, որպեսզի պետությունը հարվածի տակ չդնեն»,- ամփոփեց խոսքը աստվածաբան Վարդան Խաչատրյանը։
Թագուհի Ասլանյան

Русский