Փետրվարի 19-ի Կառավարության նիստում որոշվեց՝ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումով կարգավորվում է ամբողջ գործընթացը։
Այս որոշումը շատ թոշակառուների մոտ անհանգստություն է առաջացրել։ Տարեցների համար բավականին բարդ է օգտվել բանկոմատներից, և առհասարակ, տնից դուրս գալ։
Անհանգստության ալիքը բարձրացավ նաև մեկ այլ հարցի շուրջ՝ պետության հանդեպ պարտավորություն ունեցող, կենցաղային լեզվով ասած՝ «ԴԱՀԿ ընկած» կենսաթոշակառուների համար որևէ փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Հարցի պատասխանը MediaHub-ը փորձեց պարզել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանից, ով էլ մեզ հետ զրույցում նշեց՝ որևէ փոփոխություն չի լինելու։
«Գործընթացը ոնց եղել է առաջ, այդպես էլ լինելու է հիմա՝ քարտային եղանակով վճարման դեպքում։ Երբ կանխիկ էին ստանում, նման դեպքերում կար մինչև 30%-ի չափով պահում, նույնը պահպանվելու է»,- նշեց Կոստանյանը։
Այսինքն՝ քարտով թոշակ ստանալիս, թոշակառուից, որն ունի ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիր, պահվելու է գումարի մինչև 30%-ը։ Միևնույն ժամանակ, նա շարունակելու է ստանալ քարտային վճարումներ կատարելու համար նախատեսված 20%-ի չափով քեշբեքը։
Էմմա Մարտիրոսյան

Русский