Արխիվային լուսանկար
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ փետրվարի 21-ին Երևանում գրանցվել է միջադեպ՝ շտապօգնության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։ Ահազանգ է ստացվել, որ հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։ Տեղում աշխատած շտապօգնության բժիշկը՝ Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն, ոստիկաններին հայտնել է, որ հիվանդին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելու ընթացքում վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, այնուհետև հրել և գցել մեքենայի հատակին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել են Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։ Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։
MediaHub-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ դեպքը մեծ հնչեղություն ունեցող կամ արտակարգ բնույթի չի եղել։
«Էական ոչ մի բան տեղի չի ունեցել։ Այն դեպքը չէ, որ մեծ հնչեղություն ստանա։ Եթե շատ էական բան լիներ, ես անպայման կիմանայի։ Եթե մեր անձնակազմի առողջությանը որևէ վնաս պատճառված լիներ, ես այդ մասին տեղեկացված կլինեի»,– ընդգծեց նա։
Գրիգորյանի խոսքով՝ շտապօգնության ծառայությունը շարունակում է բնականոն աշխատանքը, իսկ անձնակազմի անվտանգությունը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում։
Ալիտա Եղիազարյան

Русский