Հայաստանում կյանքը օրեցօր դժվարանում է․ համատարած թանկացումները թե՛ ապրանքների շուկայում, թե՛ ծառայությունների, սպասարկման ոլորտում ավելի են սրում սոցիալական վատթար վիճակը, նվազեցնում Հայաստանում կյանքի կենսամակարդակը, հանգեցնում փոքր տնտեսվարողների բիզնեսների փակմանը։
MediaHub-ն ուսումնասիրել է, թե հատկապես մեծ պահանջարկ ունեցող ծառայությունների ոլորտում որքա՞ն գնաճ է եղել վերջին ամիսների ընթացքում։ Արդյունքներն ամենևին հուսադրող չեն։
Մեզանում թերևս ամենից շատ պահանջվածը հարդարման ծառայություններն են՝ մազերի, հոնքերի, եղունգների հարդարում, մաշկի խնամք և այլն։ Պարզվում է՝ այս ոլորտում միայն ձմռան ամիսների ընթացքում 500-1000 դրամ թանկացում է եղել։ Թանկացել են հատկապես վարսահարդարման ծառայությունները՝ անկախ սեռից։ Եթե նախկինում գեղեցկության սրահներում այդ ծառայության նվազագույն արժեքը 1000 դրամից էր սկսվում, ապա այժմ 1500 դրամ է դարձել։ Մեզ հետ զրույցում վարսահարդարները, դիմահարդարներն ու եղունգ հարդարող մասնագետները նշեցին, որ թանկացումները պայմանավորված են օգտագործվող նյութերի գների բարձրացումով։ Թե՛ միջազգային, թե՛ տեղական շուկայում նյութերը վերջին ամիսներին թանկացել են, և նոր չափաբաժինը մասնագետներն արդեն բարձր գներով են ձեռք բերում։ Բացի դա, տնտեսվարողներն էլ, որոնք շահագործում են այդ սրահները, հայտնեցին, որ նաև անշարժ գույքի վարձակալման շուկայում է թանկացում եղել, տարածքների տերերը բարձրցրել են վարձակալության արժեքը՝ պատճառաբանելով, թե կյանքը թանկացել է և դրամն արժեզրկվել է։
Տնտեսագետները մեզ հետ զրույցում ևս նշեցին, որ թանկացումները ծառայությունների ոլորտում հիմնականում պայմանավորված են շուկայում նյութերի, սարքավորումների թանկացմամբ, ինչն էլ անդրադառնում է ծառայությունների գների վրա։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը առանձնացրեց նաև սուբյեկտիվ գործոնը․ համատարած գնաճն ազդում է տնտեսվարողի, մասնագետի կողմից սահմանվող գների վրա։ Տնտեսագետը կես կատակ կես լուրջ հավելեց՝ մարդը պետք է նորմալ սնվի, որպեսզի կարողանա մկրատը ձեռքում բռնել։
Ստացվում է, որ մի կողմից անհատ ձեռնարկատերերը, տնտեսվարողները, որոնք անձամբ են սահմանում իրենց ծառայությունների գները, թանկացնում են այդ ծառայությունները, մյուս կողմից գործատուները չեն շտապում բարձրացնել աշխատողների աշխատավարձերը, ցածր աշխատավարձի սահմանված շեմն էլ պահպանվում է՝ 75 հազար դրամ, և կայուն աշխատավարձերի պայմաններում մարդիկ սկսում են ավելի քիչ օգտվել այս կամ այն ծառայություններից դրանց թանկացման պատճառով։
Ի դեպ, հաճախորդներին կորցնելուց խուսափելու համար մեր հարցումներին մասնակցած մասնագետներից ոմանք ասացին, որ աշխատում են գները նույնը պահպանել կամ չնչին չափով բարձրացնել՝ հասկանալով, որ մարդկանց գնողունակությունն ընկել է։ Իսկ այն սրահներում, որտեղ գներն աճել են, նշեցին, որ հաճախորդները թեև շարունակում են օգտվել իրենց ծառայություններից, սակայն նրանց հաճախելիությունը նվազել է։ Եթե առաջ ամիսը մեկ էին մազերը կամ եղունգները հարդարում, ապա հիմա կարող է երկու-երեք ամիսը մեկ կամ որևէ առիթի դեպքում։ Եթե նախկինում կանայք նախընտրում էին մազերը գեղեցկության սրահներում ներկել, ապա հիմա շատերը փորձում են տանը ինքնուրույն դա անել՝ նախապատվությունը տալով նաև ավելի մատչելի ներկերին։
Թանկացումից զերծ չեն մնացել նաև կենդանիների համար նախատեսված ծառայությունները։ Օրինակ, եթե մի քանի ամիս առաջ հնարավոր էր կենդանիների մազերը կտրել 8 հազար դրամով, ապա այժմ այդ ծառայությունը 10 հազար դրամ է դարձել։ Թանկացել են նաև մյուս ծառայությունները՝ կենդանիներին լողացնելու, խնամքի, բժշկական սպասարկման։
Թագուհի Ասլանյան

Русский