Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թուրքական կրթաթոշակ՝ հայ ուսանողների համար․ կրթական համագործակցությո՞ւն, թե՞ քաղաքական ազդեցություն

Blog Image

Հայաստանում քննարկումների նոր ալիք է բարձրացել.  լուրեր են պտտվում, որ հայ ուսանողներին առաջարկվում է մասնակցել Թուրքիայի պետական կրթաթոշակային ծրագրերին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համապատասխան շրջաբերականը Հայաստանի կրթական կառույցներին է հասել Արտաքին գործերի նախարարության խողովակներով և փոխանցվել բուհերին։ 

Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։ Ծրագիրը վերաբերում է միջին մասնագիտական, բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթությանը։ Սակայն այդ նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել մասնագիտական շրջանակներում։

«Ես անձամբ նախարարությունից ստացել եմ գրությունը, որով խրախուսվում է ծրագիրը տարածել ուսանողների շրջանում։ Սա, ըստ էության, տեղավորվում է այսօրվա կառավարության ընդհանուր քաղաքական տրամաբանության մեջ։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ սա կարող է ստեղծել կախվածության և փափուկ ուժի ազդեցության միջավայր։ Կրթական համակարգը ցանկացած երկրի համար քաղաքական ազդեցության գործիք է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ փափուկ ուժը միջազգային հարաբերություններում լայնորեն կիրառվող մեխանիզմ է՝ ազդեցության ոչ ռազմական ձևեր։ Փորձագետի կարծիքով՝ խնդիրը ոչ թե կրթական համագործակցության փաստն է, այլ դրա միակողմանի բնույթը։

«Եթե սա լիներ համարժեք փոխանակում, օրինակ՝ եթե թուրք ուսանողները պետական կրթաթոշակով պրակտիկա անցնեին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ուսումնասիրեին պատմական փաստերը և հետազոտություններ իրականացնեին ցեղասպանության թեմայով, դա կլիներ հավասարակշռված համագործակցություն։ Բայց միակողմանի ծրագրի դեպքում ռիսկը մեծանում է, որ մեր լավագույն ուսանողները երկարաժամկետ ազդեցության տակ կարող են հայտնվել»,- նշեց Մխիթարյանը։

Կրթության փորձագետը չի պնդում, որ բոլոր մասնակիցները կդառնան քաղաքական ազդեցության գործիք, սակայն ընդգծում է՝ համակարգային, շարունակական կրթաթոշակային կապերը կարող են ձևավորել արժեքային և քաղաքական մոտեցումների փոփոխություն։

«Ով գումարը տալիս է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Եթե առաջին կրթաթոշակից հետո տրամադրվի երկրորդը, երրորդը՝ կրթության, հետազոտության կամ ծրագրերի շրջանակում, կձևավորվի ազդեցության ցանց։ Խնդիրը ոչ թե սովորելն է, այլ այն, որ գործընթացը կարող է դառնալ երկարաժամկետ ազդեցության մեխանիզմ»,- նկատեց նա։

Հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ բարդ և զգայուն փուլում։ Այս պայմաններում կրթական ծրագրերը ոմանց համար դիտվում են որպես կամուրջների ստեղծման հնարավորություն, իսկ մյուսների համար՝ որպես քաղաքական ենթատեքստ ունեցող նախաձեռնություն։ Մնում է հարցը՝ արդյո՞ք նման ծրագրերը պետք է դիտարկել բացառապես կրթական համագործակցության շրջանակում։ 

«Եթե դա միակողմանի է, միշտ պետք է իրենց գումարներով այդ ամեն ինչը կազմակերպվի,  նշանակում է, որ Հայաստանի վաղվա էլիտան կազմված է լինելու Թուրքիայում սովորած քաղաքացիներից, ինչն էլ իր ուղղակի ազդեցությունն է ունենալու մեր երկրի վրա»,- եզրափակեց խոսքը Ատոմ Մխիթարյանը։

Ալիտա Եղիազարյան

Send