Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Երեխան գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մարտի 16-ից, նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ ծանր: Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ երեխան մահացել է։ Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել էր ֆիզիկական ներգործություն։ Այս մասին MediaHub-ին հայտնել էին դատախազությունից։
Նշենք, որ երեխայի ընտանիքի պատմությունը բավականին դաժան է․ մամուլում գրվեց, որ երեխայի տատն ասել է` այն տունը որտեղ ողբերգությունը եղել է, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել:
Պաշտոնական հաղորդագրություններում «հայր» անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ, այդ տղամարդը իր մյուս թոռան՝ հնգամյա աղջնակի հայրն է։
Երեխայի մոր չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում էին, հնգամյա աղջնակը տարեց տատիկների խնամքին էր, այժմ՝ խնամքի կենտրոնում։ Իսկ 5-րդ երեխային սպասող մայրն անգամ տեղյակ չէր, որ իր հնգամյա դստերը տարել են խնամքի կենտրոն։
MediaHub-ին ՀՕՖ-ից մարտի 17-ին ասել էին․ «Երեխային տարել էին բժշկական ստուգումների, որտեղ առողջական ինչ-որ խնդիրներ էին նկատել. այս պահին հետազոտություններ է անցնում, որից հետո երեխան կշարունակի մնալ կենտրոնում»։
MediaHub-ն այսօր էլ փորձեց հասկանալ, թե ինչպե՞ս է երեխան․ «Երեխան այս պահին գտնվում է կենտրոնում, աշխատանքներ են տարվում»։
ՀՕՖ-ից նշեցին՝ քանի որ քրեական վարույթ է նախաձեռնված, այլ բան չեն կարող նշել։
MediaHub-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք երեխան կմնա կենտրոնում, թե՞ կվերադառնա ընտանիք։ Ի պատասխան մեր հարցի՝ ՀՕՖ-ից ասացին․ «Այս պահին ոչինչ չենք կարող ասել։ Թե ինչ կլինի, կախված է քրեական գործից։ Երեխա կա՝ ամիսներով է մնում ժամանակավոր կենտրոնում, մինչև երեխայի ճակատագիրը որոշվում է, լինում է՝ վերամիավորում են ընտանիքի հետ, լինում է՝ խնամատար ընտանիք են տեղափոխում, կամ՝ մանկատուն»։
Մարիաննա Արամյան

Русский