Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում

Blog Image

Դեռևս հունվար ամսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե բանակում սպանության դեպքերը բացառվել են, որ միջնաձնային հարաբերություններում ներդաշնակություն է և ծառայակցի կյանքի հանդեպ որևէ մեկի կողմից ոտնձգություն չի իրականացվում․ «Ամենակարևորը միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, որ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել, սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»։ Պապիկյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր  հերթին մատի փաթաթան է դարձրել այն, որ թշնամու կողմից արձակված գնդակից սահմանին այլևս հայ զինվոր չի սպանվում կամ վիրավորվում և վերջերս էլ հայտարարեց, թե «2025 թվականը ՀՀ անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել»։ 

Իսկ վիճակագրությունը հակադարձում է Սուրեն Պապիկյանի պնդումներին՝ ապացուցելով դրանց անհիմն լինելը, քանի որ բանակում շարունակվում են արձանագրվել հայ զինվորների սպանությունների և մահվան դեպքեր։ Իսկ Փաշինյանին նման դեպքերում ուղղակի արժի հիշեցնել՝ թեև թշնամու գնդակից այս պահին հայ զինվորներն ապահովագրված են՝ կարևոր չէ ինչ գնով, բայց բանակի ներսում շարունակվում են ծառայակիցների միջև եղբայրական սպանությունները, ինքնասպանություններն ու  տարբեր պատճառներով մահերը։ 

Երեկ Վարդենիսի զորամասում վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների միջև դանակահարություն դեպք է գրանցվել, որի հետևանքով 3 տուժած պահեստազորայինները տեղափոխվել են հոսպիտալ։ Միայն երջանիկ պատահականությամբ՝ դանակահարությունները մահվան ելքով չեն ավարտվել։ 

Պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո էլ հունվար-փետրվար ամիսներին բանակում՝ խաղաղ պայմաններում, պաշտոնական տվյալներով մահվան երեք դեպք է գրանցվել։ Վերջինը մեկ ամիս առաջ էր՝ փետրվարի 26-ին, երբ Վարդենիսի զորամասում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Նա սպանվել էր ծառայակցի կրակոցից։ 

Զինված ուժերում զինվորների մահվան և վիրավորվելու դեպքերը մտահոգիչ են եղել նաև նախորդ տարի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2025 թվականին զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ նախորդ տարի արձանագրվել է 34 զինծառայողի մահվան դեպք, որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Դեպքերից 10-ը առողջական խնդիրների հետևանքով է եղել, 8-ը՝ ավտովթարի, 6 դեպք՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ սպանության հետևանքով։ 3 զինծառայողի մահացության պատճառը հայտնի չէ։  Նշենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այլ թիվ էր ներկայացրել։ Իր ասուլիսի ընթացքում նա ասել էր՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ն է ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում է եղել:

Մեկ տարվա ընթացքում 34 զինծառայողի մահը մտահոգիչ թիվ է։ Այն դեպքում, երբ, օրինակ, կառավարության ծրագրի կատարման հաշվետվության նախագծի համաձայն՝ 2023 թվականին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից արձանագրվել է զինծառայողների սպանության 19 դեպք։

Փաշինյանի իշխանության օրոք իրենց հաստատած խաղաղության պայմաններում զինվորների մահվան հետ կապված ամենասահմռկեցուցիչը, թերևս, Ազատ գյուղում գրանցված դեպքն է, որի հետևանքով 15 զինվոր այրվեց ու մինչև այժմ հայտնի չեն պատճառները։ Դա էլ զինված ուժերում տիրող անվերահսկելի իրավիճակի մասին է վկայում, որի պայմաններում այսօր էլ բանակում ծառայելը վտանգներով լի է։

Որքան էլ իշխանությունները հանրությանը համոզում են, թե հաստատուն խաղաղություն են բերել և մեր զինվորներն այլևս բանակում ծառայելու համար իրենց կյանքի ու առողջության հետ կապված վախեր չունեն, իրենց որդիներին բանակ ուղարկելու մտավախությունները ծնողներին չեն լքում, քանի որ այսօր էլ նրանք շարունակում են լսել զինվորների մահերի մասին ցավալի լուրերը։ Փաշինյանի մեծախոս կառավարությանն այդպես էլ չի հաջողվում զինված ուժերում վերափոխել համակարգն այնպես, որ բարոյահոգեբանական առողջ միջավայրի, խիստ վերահսկողության ու բարձր պատասխանատվության մեխանիզմների ներդրմամբ՝ ի վերջո կանխվեն ողբերգական դեպքերը, որ զինվորները միմյանց վրա չհամարձակվեն կրակել, որ տարբեր դժբախտ պատահարների հետևանքով չզրկվեն կյանքից, որ անելանելի վիճակում չհայտնվեն ու ստիպված ինքնասպան լինեն։ Թե ինչ մեխանիզմներ են հարկավոր դրա համար, մասնագետները թող նշեն, բայց դրա համար քաղաքական կամք է հարկավոր ունենալ և լուրջ մասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն՝ մի կողմ դնելով մեծամտությունն ու ընդունելով սեփական տկարությունն այդ հարցում։ 

Բայց իշխանությունները հակառակն են անում։ Հիշում եք՝ ՊՆ-ում կառավարության իրականացրած վերջին «բարեփոխման» արդյունքում որոշվեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ծառայող և բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցներին արգելել մուտք գործել զորամասեր, լավագույն դեպքում զինված ուժերում մնալ թույլ տալ միայն այն գնդերեցներին, որոնք Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության ենթակայության տակ կմտնեն։ Այնինչ զորամասերում գնդերեցների հոգևոր ծառայություն իրականացնելուց հետո բանակում տիրող միջանձնային հարաբերություններում զգալի բարելավում էր արձնագարվել, նվազել էին սպանություններն ու ինքնասպանությունները, զինվորների միջև վեճերն ու կռիվները։ Գնդերեցներին զինված ուժերից դուրս մղելով՝ կառավարությունն այլընտրանքային մեխանիզմներ չի ներդնում, այնպես որ զինված ուժերում մահերի ու վիրավորումների տխուր վիճակագրությունը չի զարմացնում։

Թագուհի Ասլանյան

Send