Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, ինչի հետևանքով փոխադարձ հայհոյանքներ են հնչել։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Ազգային ժողովից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի, ԱԺ նախագահն ասում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո վեճ է ծավալվում, որի ժամանակ հնչում են հայհոյանքներ: Ինչի հետևանքով քաղաքացուն բերման են ենթարկում:
Այսօր հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- MediaHub-ին հայտնեցին ՔԿ-ից:

Русский