Հունիսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Վրաերթի ենթարկվածը՝ 8-ամյա երեխան, փողոցը թույլատրելի հատվածով է անցնելիս եղել։
MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին. «Ժամը 17։00-ին «Ուիգմոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևանի Ա․ Բակունց փողոցից՝ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2018թ․ ծնված տղա։ Հաղորդումը փոխանցվել է ՔԿ»։
Քննչական կոմիտեից էլ MediaHub-ին տեղեկացրին , որ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)։ Կատարվում է նախաքննություն»,- ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Մարիաննա Արամյան

Русский