Հարևան երկրում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը շարունակում է պետական մակարդակով առաջ մղվել։
Այս անգամ թեմային անդրադարձել է գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, որը Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցն արդեն դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը։ Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության արդյունքում իրականացվում են համակարգված կրթական, գիտական և կազմակերպչական ծրագրեր, իսկ Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր» վերադարձը, ըստ նրա, ապացուցել է, որ «պատմական արդարությունը հաղթում է»։ Այս հայտարարությունները նոր թափ են հաղորդել Հայաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակվող քննարկումներին՝ կապված իշխանությունների կողմից հերքվող, սակայն ընդդիմության կողմից պարբերաբար բարձրաձայնվող «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեմայի հետ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը երբեք իր հավակնությունները չի թաքցրել Հայաստանի նկատմամբ։
«Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հավակնությունները Հայաստանի նկատմամբ, ու այն անգրագետ և դավաճանական խոսույթը, որը որդեգրել է Փաշինյանը՝ ասելով՝ եթե մենք Հայաստանում այդ մասին չխոսենք, Ադրբեջանում էլ չեն խոսի, հստակորեն հերքվում է։ Ես կարող էի հասկանալ, եթե Հայաստանում կային մարդիկ, որոնք ինչ-որ պահի հավատացել էին Փաշինյանի այդ ստին, բայց հիմա, կարծում եմ, ոչ ոք չի հավատում, քանի որ տեսնում է՝ ինչպես է Փաշինյանը փորձում սիրաշահել Ադրբեջանին, սակայն, միևնույն է, Ադրբեջանը շարունակում է առաջ տանել իր կեղծ, միջազգային իրավունքի, պատմության և աշխարհաքաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող պահանջները»,- ասաց Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ արցախահայության վերադարձի, ինքնորոշման և մյուս հիմնարար իրավունքների մասին խոսելը չի կարող դիտարկվել որպես պատերազմի հրահրում կամ սադրանք։ «Երբ մենք խոսում ենք արցախահայության վերադարձի իրավունքի, ինքնորոշման իրավունքի և մեր հայրենակիցների մյուս անխախտելի իրավունքների մասին, դա ոչ մի կերպ չի կարող լինել պատերազմի հրահրում կամ պրովոկացիա Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դրանք առաջին հերթին արդարացի պահանջներ են»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված ՍԵՊԱ համաձայնագրում ամրագրվել էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը: «Մի քանի տարի առաջ Գերմանիայի կանցլերը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունը։ Ինչո՞ւ, որովհետև ժամանակին, երբ բանակցվում էր Հայաստանի և ԵՄ-ի միջև ՍԵՊԱ համաձայնագիրը, «Հանրապետական» կուսակցությունը հասավ նրան, որ այնտեղ ամրագրվեն այն երեք սկզբունքները, որոնցից մեկը հենց ինքնորոշման իրավունքն էր։ Այդ փաստաթուղթը վավերացվել է ինչպես Գերմանիայում, այնպես էլ ԵՄ մյուս անդամ երկրներում և ունի օրենքի ուժ։ Հիշեցնեմ նաև, որ այդ նույն հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը խոսեց ինքնորոշման իրավունքից, իսկ Փաշինյանը՝ ոչ»,- նշեց Մամիջանյանը։
Հարցին, թե իշխանափոխության դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկվեին, որպեսզի ադրբեջանական այդ թեզերն այլևս չշահարկվեին, Մամիջանյանը պատասխանեց․ «Եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարեին գրագետ և ոչ թե Ադրբեջանի շահերն ու սեփական անձնական շահերը սպասարկող մարդիկ, ապա այդ բոլոր իրավունքների մասին պատեհ առիթներով և պատեհ ձևով կբարձրաձայնվեր»։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացներին՝ ընդդիմադիր գործիչը նշեց, որ դրա մասին ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ են խոսել։ «Տեսնում ենք, որ ընտրություններից հետո Հայաստան այցելած առաջին միջազգային պաշտոնյան եղել է Հաջիևը։ Ամենացավոտ ու տխուր բանը, որ կասեմ, այն է, որ այս ամենն ընդամենը ծաղիկներն են, և եթե մեզ չհաջողվի կանգնեցնել Փաշինյանի գործունեությունը, ապա մենք շատ ավելի վտանգավոր և ցավալի պտուղներ կքաղենք»,- եզրափակեց Մամիջանյանը։
Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» կամ նմանատիպ որևէ պայմանավորվածություն օրակարգում չկա, Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի հետևողական շրջանառությունը շարունակում է հարցեր առաջացնել թե՛ հասարակության, թե՛ քաղաքական շրջանակների մոտ։ Քննարկումների հիմնական առանցքն այսօր այն է, թե արդյոք Բաքուն սահմանափակվում է քարոզչական և գաղափարական ծրագրով, թե այս խոսույթը երկարաժամկետ քաղաքական նպատակների և տարածքային հավակնությունների արտահայտություն է։

Русский