Հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ 13 տարեկան երեխային դեռ չեն գտել։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են գետի ամբողջ երկայնքով՝ ենթադրյալ դեպքի վայրից սկսած։ Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,- նշեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝ գետն ընկած աղջիկների ընտանքը Արթիկից է, մայրը գյումրեցի է, հարս է գնացել Արթիկի Վարդաքար համայնք, իսկ վերջին երկու տարվա ընթացքում նա զավակների հետ վարձով է ապրում Վանաձորում։ Ընտանիքը հինգ երեխա ունի։
MediaHub-ի տեղեկություններով՝ քույրերն «Օրրան» խնամքի կենտրոն գնալու ճանապարհին են ընկել ջուրը, երկու տարի է՝ գնում են, ոչ մի խնդիր չի եղել, ամեն անգամ 14:00-18:00 մնացել են այնտեղ, իսկ հունիսի 15-ին, երեխաները դուրս են եկել, որ գնան կենտրոն, բայց տեղ չեն հասել։
Մարիաննա Արամյան

Русский