Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանի կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում․ տարածաշրջանի ճակատագիրը որոշվում է առանց Երևանի

Blog Image

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության գլխավոր թեմաներից մեկը։

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է Անկարային։ Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ըստ էության, խաղաղություն է հաստատվել, և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը գործնական դրսևորումներ են ստանում՝ միաժամանակ ընդգծելով, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, և կարևորել է «3+3» ձևաչափը։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, ըստ էության, խաղաղություն է հաստատվել, առաջին հերթին ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին։

«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված TRIPP-ը կարող է գործել միայն ՌԴ-ի մասնակցությամբ, և Իրանից նույնպես բազմաթիվ հայտարարություններ են եղել, որ դա չպետք է իրենց շահերի դեմ գործի։ Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-Իրան գործընթացներից հետո TRIPP-ն արդեն կարող է դառնալ կամ բոլորի մասնակցությամբ, կամ էլ ուղղակի չի գործի։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը TRIPP-ի հետ կապված կիջնի, որովհետև, պայմանական ասած, TRIPP-ը իսրայելական ծրագիր էր այն ժամանակ, երբ այն ստորագրվում էր։ Իսրայելն էր որոշում, թե մասնավորապես Հարավային Կովկասում ինչ գործընթացներ պետք է լինեն, և Միացյալ Նահանգները, ըստ էության, Իսրայելի ծրագրերով է շարժվում։ Հիմա իրավիճակը փոխվել է, և արդեն կան հակասություններ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ու այս տրամաբանության մեջ պետք է հասկանալ, որ ընդհանրապես մեր տարածաշրջանի ճարտարապետությունը աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների է ենթարկվում։ Այդ առումով շատ կարևոր է, որ ինչ էլ տեղի ունենա, ռուս-թուրքական պայմանավորվածությունների դաշտում լինի։ Նաև ենթադրում եմ, որ շուտով Իրանը կմիանա նրանց, և ինչ-որ առումով դա գործնականում «3+3» տարբերակն է։ Տեսնում ենք նաև, որ Հայաստանի կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում։ Երբ հանդիպումներ են լինում տարածաշրջանային խնդիրների հետ կապված, դրանք առանց Հայաստանի ներկայության են լինում», - ասաց Դանիելյանը։

Խոսելով այն հանգամանքի մասին, թե ինչն է այսօր խանգարում լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, քաղաքագետը շեշտում է տարածաշրջանի առանցքային դերակատարների միջև համաձայնության անհրաժեշտությունը։

«Այս պայմանագիրը կապված է նրա հետ, որ հիմնական խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, պետք է գան այս տարածաշրջանի հետ կապված համաձայնության։ Այսինքն՝ եթե այդ երեք երկրները ինչ-որ համաձայնության չեն գալիս, տարածաշրջանում որևէ խաղաղություն չի կարող լինել։ Եթե նրանց միջև կա կոնֆլիկտ, բնական է, որ կոնֆլիկտը լինելու է նաև Հարավային Կովկասում։ Այս պայմաններում ամենահետաքրքիրն այն է, որ գնալով ՌԴ-Հայաստան հարաբերություններն են սրվում։ Փոխանակ բոլոր կողմերի հետ աշխատենք, Հայաստանը ինքն է կոնֆլիկտներ փնտրում այն հիմնական երկրների հետ, որոնք որոշում են այս տարածաշրջանի ճակատագիրը»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Թուրքիայի ակտիվ ներգրավվածությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ Դանիելյանը դա կապում է Անկարայի ավելի լայն ռազմավարական նպատակների հետ։

«Պարզ է, թե ինչու է Թուրքիան ակտիվացել. քանի որ Թուրքիան փորձում է թուրքական աշխարհ ստեղծել ու ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, և Թուրքիայի հետևում կան ավելի ուժեղ պետություններ, որոնք դրանով շահագրգռված են։ Առաջին հերթին դա Մեծ Բրիտանիան է, և բնականաբար դա պետք է կատարվի հայերի շահերի հաշվին, դրա համար նրանք փորձում են Հայաստանի հետ համագործակցել։ Իսկ Հայաստանում կա մի իշխանություն, որը Հայաստանի շահերը պարբերաբար հանձնում է»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով խաղաղության գործընթացի կայունության և «3+3» ձևաչափի արդյունավետության մասին՝ Դանիելյանը նշում է, որ այդ հարթակը Հայաստանի անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։

«Այդ ձևաչափը Հայաստանի գոյության երաշխիքն է։ Քանի որ Հարավային Կովկասի շուրջ երեք խոշոր երկրներ կան՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, երբ Հարավային Կովկասում այդ երեք երկրների միջև դիսբալանս է ստեղծվում, ապա նաև այդ երեք երկրների հարաբերություններն են սրվում։ Հայաստանի տարածաշրջանում խաղաղությունը կախված է այդ երեք երկրների հարաբերություններից»,- նշեց քաղաքագետը։

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի անվտանգության վրա։ Եթե խաղաղության գործընթացը հաջողվի, ի՞նչ նոր տնտեսական և քաղաքական հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար։ Դանիելյանը շեշտում է, որ մեր երկրի համար առաջնայինը անվտանգությունն է։

«Հայաստանի համար առաջին հերթին անվտանգությունն է կարևոր։ Անվտանգության առումով՝ այդ «3+3» տարբերակում կարող է անվտանգությունը ապահովվել։ Իսկ տնտեսությունը կախված է այդ հավասարակշռությունից»,- եզրափակեց խոսքը քաղաքագետը։

Ալիտա Եղիազարյան

Send