Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը: Նա պնդել է, որ նախաձեռնությունը չի համաձայնեցվել այլ եվրոպական երկրների հետ, հաղորդել է դանիական «TV 2» հեռուստաալիքը:
«Ես շատ կասկածամիտ եմ Նորվեգիայի և Ֆինլանդիայի այս անկախ նախաձեռնության նկատմամբ: Այն մեզանից ոչ մեկի հետ չի համաձայնեցվել», - հայտարարել է Ֆրեդերիկսենը: Դանիայի վարչապետը նաև կասկածի տակ է դրել նման շփումների արդյունավետությունը:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է համակարգեն իրենց գործողությունները և միասնական ճակատով հանդես գան Մոսկվայի հետ իրենց երկխոսության մեջ:
Շվեդիայի վարչապետի պաշտոնակատար Ուլֆ Քրիստերսոնը նույնպես ասել է, որ նախապես չի տեղեկացվել նախատեսված զրույցի մասին: «Ես բավականին ցածր ակնկալիքներ ունեմ նման զրույցներից»,- ասել է նա։
Քրիստերսոնը հույս է հայտնել, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության՝ հավելելով, որ այն պետք է լինի Կիևի պայմաններով։
Հոկտեմբերի 27-ին Ստուբը և Ստյորեն սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էին ունեցել Պուտինի հետ: Կրեմլի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը նրանց տեղեկացրել է Ալեշկիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական գործողության մեկնարկի մասին: Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հեռանկարները և Բալթյան տարածաշրջանում անվտանգության հարցերը: Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Ստուբը և Ստյորեն խոսել են իրենց երկրների, այլ ոչ թե ամբողջ Եվրոպայի անունից։ Պուտինի հետ զրույցից հետո Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները կապ են հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Русский