Եվրոպական միությունը դժվարանում է համաձայնության գալ Կանադային «ասոցացված անդամի» հնարավոր կարգավիճակ տրամադրելու պայմանների շուրջ․ այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով եվրոպացի տարբեր պաշտոնյաների և դիվանագետների։
«Ասոցացված անդամի» հնարավոր կարգավիճակի առաջարկը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Անկեղծ ասած՝ մենք մտնում ենք, մեծ հաշվով, չհետազոտված տարածք», — FT-ին ասել է պաշտոնյաներից մեկը։ Առաջարկվող գործընկերությունը ենթադրում է ավելի սերտ կապեր ԵՄ-ի հետ, քան գործող համագործակցության ձևաչափերը, սակայն չի հասնում ԵՄ-ին լիիրավ անդամակցության մակարդակին։
Անցյալ ամիս ֆոն դեր Լայենն առաջարկել էր աշխատանքներ սկսել Կանադային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ։ Այս նախաձեռնությունը հարցեր է առաջացրել մի շարք անդամ պետությունների մոտ, քանի որ անդամակցության նման ձևաչափ նախատեսված չէ ԵՄ գործող պայմանագրերով։
Դիվանագետները նշել են, որ «ասոցացված անդամակցություն» տերմինը հստակ, պաշտոնական սահմանում չունի։ Մասնավորապես, Գերնանիան դեմ է այս ձևակերպման կիրառմանը Կանադայի պարագայում՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ առաջարկել էր այն օգտագործել Ուկրաինայի դեպքում՝ որպես միջանկյալ քայլ դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն։
Ըստ FT-ի՝ եվրոպական երկրները նաև մտահոգված են, որ այս նոր հայեցակարգը կարող է շփոթություն առաջացնել ԵՄ-ի հարաբերություններում այլ պետությունների հետ, այդ թվում՝ նրանց, որոնք ձգտում են անդամակցել միությանը, ունեն մուտք դեպի ԵՄ միասնական շուկա կամ արդեն իսկ ստորագրել են ասոցացման համաձայնագրեր ԵՄ-ի հետ։
ԵՄ դիվանագետներն աշխատում են ձևակերպումները հստակեցնելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 29-30-ին Մոնրեալում կայանալիք գագաթնաժողովին։ Միջոցառմանը նախատեսվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը։

Русский