Մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ MediaHub-ը ուսումնասիրել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված են մի շարք նախագծեր՝ կապված Երևանի փողոցների անվանափոխության հետ։
Մասնավորապես՝ առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 9-րդ փողոցը (որը զուգահեռ է Ազատ Շերենցի փողոցին և հասնում է Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի անունով՝ «Գրիգոր Խանջյան փողոց»։
Դավթաշենի 4-րդ փողոցը (որը սկսվում է Դավթաշենի 4-րդ փողոցի հ.1 հասցեի հարակից տարածքից, հատում է Դավթաշենի 1-ին, Պարիս Հերունու և Անդրանիկ Իոսիֆյան փողոցները և հասնում Եղվարդի խճուղի) առաջարկվում է անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անունով՝ «Հենրիկ Սիրավյան փողոց»։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Կարապետ Ուլնեցու փողոցից սկսվող և գերեզմանատան հարակից տարածքով մինչև Էզրաս Հասրաթյան փողոց հասնող ճանապարհահատվածը նախատեսվում է անվանակոչել վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանի անունով՝ «Համլետ Թամազյան փողոց»։
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցը (որը սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատում է 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ապա ընդհատվում և Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում մինչև 17-րդ փողոց) առաջարկվում է անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անունով՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»։
Միևնույն ժամանակ, Ամիրյան փողոցի անվանափոխության վերաբերյալ օրակարգում որևէ տեղեկատվություն չկա, այսինքն՝ տվյալ նախագիծը այս անգամ ներառված չէ։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ նախագծի քվեարկությունը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկել էր նախագիծը նախ քննարկել մյուս խմբակցությունների հետ և համաձայնության դեպքում այն ներկայացնել առաջիկա նիստերից մեկում։
Մարիաննա Արամյան

Русский