Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պլաստիկի արգելք. բնապահպանական քա՞յլ, թե՞ նոր բեռ սպառողի և տնտեսության համար

Blog Image

Հայաստանում 2027 թվականից նախատեսվում է արգելել պոլիէթիլային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը։

Իշխանությունները վստահ են, որ այս քայլը կնպաստի շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը, սակայն մասնագետներն ահազանգում են՝ առանց համապատասխան նախապատրաստական աշխատանքների՝ նախաձեռնությունը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան լուծել։

Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Ըստ Պիպոյանի՝ մինչև տնտեսական ազդեցության մասին խոսելը, կան ավելի կարևոր խնդիրներ։


«Մինչև տնտեսական ազդեցության մասին խոսելը, նախ պետք է նայենք սպառողի տեսանկյունից։ Բնապահպանությանը բոլորս կողմ ենք, բայց այս որոշումը տարիներ շարունակ ցանկանում էին իրականացնել, և գլոբալ առումով որևէ իրական արդյունք չունեցանք»,- ասաց Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի խոսքով՝ այսօր որպես այլընտրանք առաջարկվում են թղթե և կտորե տոպրակներ, սակայն դրանց լայն կիրառման համար անհրաժեշտ պայմաններ դեռևս չեն ստեղծվել։

«Պետությունը որևէ փոփոխություն իրականացնելուց առաջ պետք է ստեղծի համապատասխան ենթակառուցվածքներ, տրամադրի անհրաժեշտ արտոնություններ և հնարավորություններ, որպեսզի իր կայացրած որոշումը հնարավոր լինի կյանքի կոչել և գնահատել դրա արդյունավետությունը»,- ասաց Պիպոյանը։

Նա ընդգծում է, որ ցանկացած նման որոշման հիմքում պետք է լինի սպառողի շահի պաշտպանությունը։

«Պետք է հասկանանք, որ սպառողի իրավունքը գերակա է տնտեսվարողի իրավունքից։ Սուպերմարկետները տարիներ շարունակ 10 դրամ արժեցող տոպրակները վաճառեցին 50 դրամով։ Այս ընթացքում, բացի բիզնեսի ստացած շահույթից և պետության հավաքած հարկերից, ի՞նչ բնապահպանական խնդիր լուծվեց, և ի՞նչ օգուտ ստացավ մեր շրջակա միջավայրը։ Նախ այս հարցին պետք է գնահատական տալ»,- ասաց մասնագետը։

Մասնագետի գնահատմամբ՝ ներկայիս պայմաններում այս որոշումը կարող է ավելի մեծ ֆինանսական բեռ դառնալ քաղաքացիների համար, քանի որ պետությունը դեռ չի ապահովել այլընտրանքային տարբերակների հասանելիությունն ու մատչելիությունը։

«Իհարկե, այսօր այս որոշումն ավելի շատ բեռ է դնում մարդկանց վրա, քան օգուտ տալիս, որովհետև նույն թղթե և կտորե տոպրակների արտադրության ու հասանելիության ուղղությամբ պետությունը ենթակառուցվածքային որևէ քայլ չի արել։ Արդյունքում շատ հավանական է, որ այդ այլընտրանքներն ավելի թանկ արժենան, իսկ լրացուցիչ ծախսը կրկին ընկնի սպառողի ուսերին»,- եզրափակեց Պիպոյանը։

Ալիտա Եղիազարյան

Send