MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ խանութից գնված պահածոները որոշ դեպքերում լինում են փչացած, որոշ դեպքերում անգամ սպառողները որդ են հայտնաբերում պահածոների մեջ։
Մասնավորապես, մի քաղաքացի նկար էր տեղադրել համացանցում, որին կից գրել էր՝ խանութից գնված պահածոյի մեջ հայտնաբերել է որդ, սակայն կից չէր հրապարակել ո՛չ պահածոյի տարան, ո՛չ էլ գնման կտրոնը։
Չնայած դրան, քաղաքացու հրապարակումը բազմաթիվ հարցեր է բարձրացնում՝ արդյո՞ք ՍԱՏՄ-ն ստուգում է պահածոների որակը, արդյո՞ք վերահսկվում են պահման պայմանները։ Նշված հարցերով MediaHub-ը դիմեց ՍԱՏՄ։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տվյալ տարվա ստուգումներն իրականացնում է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա, որը հրապարակվել է պաշտոնական կայքում նախորդ տարվա դեկտեմբերի մեկին։ Մնացած բոլոր դեպքերում ստուգում իրականացվում է միայն բողոք-ահազանգի հիման վրա՝ ստացված քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից և այլն»,- նշեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՍԱՏՄ-ից նշեցին, որ պահածոների դեպքում ստուգումներ արվում են պահածոների պատրաստման սեզոնին՝ ամռանն ու աշնանը: Ստուգումներն իրականացվում են արտադրությունների ստուգման համար նախատեսված ստուգաթերթերի հիման վրա։
«Եթե իրացման կետից գնված պահածոյում սպառողը խնդիր-անհամապատասխանություն է հայտնաբերում և պատշաճ տեղեկատվությամբ՝ նկար, կտրոն, խնդրի հստակ նկարագրություն, ահազանգում է ՍԱՏՄ, վերահսկողությունը սկսվում է իրացման ցանցից, ստուգվում են խնդրի առաջացման պայմանները՝ պահման պայմանները, փաթեթավորման ամբողջականության խախտման հնարավորությունը, մակնշումը և այլն, և եթե իրացման ցանցում ամեն ինչ նորմալ է լինում, հետագծելիությամբ վերահսկողություն է իրականացվում տվյալ արտադրությունում»,- ասաց Հարությունյանը:
ՍԱՏՄ-ից հավելեցին, որ պահածոների արտադրությունում վերահսկողությունն իրականացվում է աշխատանքային գործընթացը սկսելու պահից:
«Արտադրված պահածոյից թունավորման դեպքում խմբաքանակից կատարվում է նմուշառում և ներկայացվում լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Խնդրի հաստատման պարագայում տրվում է ամբողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու, հետկանչի և ոչնչացման կարգադրագիր, կասեցվում է արտադրամասի արտադրական առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսակի արտադրությունը: Վտանգավոր սննդամթերքի խմբաքանակը մեր տեսուչների հսկողությամբ ոչնչացվում է»,- հայտնեց Հարությունյանը:
Մարիաննա Արամյան

Русский