Ապրիլի 22-ին «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլա Գյուլի հանդիպումը։
Չնայած այն հանգամանքին, որ Գյուլը ներկայումս պետական պաշտոն չի զբաղեցնում, հանդիպումը մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ առաջ բերելով մի շարք հարցեր դրա նպատակների և հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Սակայն հանդիպման բովանդակության մանրամասները չեն հրապարակվել, ինչը լրացուցիչ ինտրիգ է ստեղծում փորձագիտական շրջանակներում։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը MediaHub-ի հետ զրույցում ընդգծում է, որ Աբդուլլա Գյուլը, թեև պաշտոնական դիրք չունի, ամբողջությամբ դուրս չի եկել քաղաքական գործընթացներից։
«Չնայած նրան, որ Աբդուլլա Գյուլը այս պահին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, այնուամենայնիվ ունի որոշակի ակտիվություն Թուրքիայի քաղաքական դաշտում, երբեմն հանդես է գալիս գործող իշխանությունների հանդեպ որոշակի քննադատական հայտարարություններով և միջազգային տարբեր ֆորմատներով հանդես է գալիս որպես պատվավոր հյուր։ Այսինքն՝ նա լիովին դուրս չի եկել քաղաքականությունից, բայց չեմ կարող ասել, որ որոշիչ դեր ունի Թուրքիայի քաղաքական կյանքում»,- նշեց Մելքոնյանը։
Փորձագետը նաև նշում է, որ Գյուլի և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները բարդ են, անձնական հարաբերությունները պահպանվել են, սակայն քաղաքական առումով նրանք վաղուց մրցակիցներ են։ Այնուհանդերձ, Թուրքիայի քաղաքական համակարգում կա մի առանձնահատկություն՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ շարունակում են ներգրավված մնալ երկրի զգայուն արտաքին քաղաքական հարցերում։ Մելքոնյանի խոսքով՝ Գյուլի դերակատարությունը հատկապես նկատելի է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակահատվածում, ինչի շնորհիվ նա լավ ծանոթ է թեմայի նրբություններին։
«Չգիտեմ, թե որքանով է Հայաստանի համար օգտակար Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումը, բայց ենթադրում եմ, որ սա նաև ունի որոշակի իմիտացիոն բնույթ՝ ցույց տալու համար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշակի ակտիվություն ունի։ Հանդիպումը ես դիտարկում եմ այդ ուղղությամբ, չնայած որևէ կոնկրետ արդյունք չկա այս ամբողջ բանագնացների և այլ հանդիպումների կոնտեքստում։ Ավելին, Հայաստանը հանդես է գալիս միայն որպես զիջող, և Թուրքիայի պահանջներին որևէ կերպ չի դիմադրում, բազմաթիվ զիջումներ է արել այս ուղղությամբ՝ սկսած Արարատ սարի սիմվոլիկան տարբեր տեղերից դուրս բերելուց մինչև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը։ Այնպես որ Գյուլի հետ հանդիպումը ես դիտարկում եմ որպես ավելի շատ իմիտացիոն քայլերի շրջանակներում»,- նշեց թուրքագետը։
Իսկ այն հարցին, թե հայկական կողմը ինչո՞ւ է գաղտնի պահում քննարկվող թեմաները, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ այն կարող է պայմանավորված լինել ոչ թե բովանդակային զգայունությամբ, այլ արտաքին տպավորություն ստեղծելու նպատակով․
«Կարծում եմ՝ որոշակի խորհրդավորություն է փորձ արվում հաղորդել և ոչ մասնագիտական շրջանակների համար տպավորություն ստեղծել։ Բայց հանդիպումը ունի ավելի շատ ձևական, իմիտացիոն բնույթ, քան կոնկրետ արդյունք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Գյուլը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, որոշումների կայացման առանցքային դերը պատկանում էր Էրդողանին, ինչի պատճառով Գյուլի հետ շփումները չունեին ակնկալվող արդյունավետությունը։ Նույնիսկ այն ժամանակ Գյուլի հետ հանդիպումները չունեին լուրջ էֆեկտիվություն և կարևորություն, ուր մնաց հիմա, երբ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում»,- եզրափակեց խոսքը Ռուբեն Մելքոնյանը։

Русский