ՄԱՍԿ կուսակցությունը, որի հիմնադիրներն ու նախաձեռնողները ՔՊ նախկին անդամ, այժմ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են, չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին MediaHub-ին տեղեկացրեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ հայտնելով, որ ՄԱՍԿ կուսակցության վարչությունը արտահերթ նիստում վերանայել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը և որոշել չմասնակցել դրանց։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, կուսակցության անդամն ասաց, որ պատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը և դրանով իսկ Փաշինյանի վերարտադրությանը չնպաստելն է։
«Մենք հաշվարկներ և որոշակի հարցումներ ենք իրականացրել, որոնց արդյունքներով քիչ հավանական էր, որ մեր քաղաքական ուժը ընտրություններում կկարողանա հաղթահարել սահմանված չորս տոկոսը։ Այդ պատճառով էլ նման որոշում կայացվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ասլանյանը։
Նաև հավելեց, որ իրեք շարունակելու են ջանքեր գործադրել ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար։
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք փորձելու են այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքներով մասնակցել ընտրություններին։ Ի պատասխան Հակոբ Ասլանյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելն իրենց համար սկզբունքային հարց չէ, որ կուսակցության անդամների վերջնական նպատակը ոչ թե ԱԺ-ում հայտնվելն է կամ ամբիցիաներ բավարարելը, այլ մեր երկրին իրապես սատարելն է։
Իսկ թե որ ուժին կամ ուժերին են սատարելու, կա՞ նախընտրելի ուժ, ՄԱՍԿ-ի անդամները դեռ չեն հստակեցրել, բայց կարող են ասել, թե որ ուժին ոչ մի դեպքում չեն աջակցելու՝ Քաղաքացիական պայմանագրին։
Թագուհի Ասլանյան

Русский