Արդեն մի քանի օր է՝ Մաշտոցի պողոտայում ապրող քաղաքացիները ստիպված են բառի բուն իմաստով ցեխաջուր խմել։ MediaHub-ի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմում է, որ արդեն 3-4 օր է, ինչ իր տան ծորակից հողի հետ խառնված ջուր է գալիս։
«Արդեն մի քանի օր է, ինչ էս վիճակն ա, ոչ լինում ա խմել, ոչ լողանալ, չգիտենք ինչ անեք»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն ցեխաջրով չի սահմանափակվում։ Իրենք օրեր շարունակ մնում են առանց ջրի, ում ասես դիմել են, սակայն ապարդյուն։ «Հիմա էդ վիճակն ա, կա՛մ ջուր չկա, կա՛մ կա, բայց ցեխաջուր։ 21-րդ դարում նման բան տեսե՞լ եք։ Մարդ ենք, մինիմալ պայմաններ ենք ուզում»,- ասաց մեր զրուցակիցը։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ հասկանալու՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը, որտեղից էլ հայտնեցին՝ բաժանորդի հետ լաբորատորիան կապի մեջ է, սպասում են արձագանքին, որպեսզի մոտենան նմուշառում անելու։
Էմմա Մարտիրոսյան

Русский