Այսօր՝ ժամը 12:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարակից հատվածում, տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, որին մասնակցել են միանգամից չորս տրանսպորտային միջոցներ՝ այդ թվում հասարակական ավտոբուս։
Ըստ Գագիկ Շամշյանի՝ բախվել են «Mercedes CLS», «Jaguar» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Վթարի հետևանքով մի քանի մեքենաներ ստացել են զգալի վնասներ։
Դեպքի վայր ժամանած քաղաքացիներն առաջին օգնության են հասել տուժածներին՝ մինչ շտապօգնության ժամանումը։ Ականատեսների փոխանցմամբ՝ «103» ծառայության բժիշկների հերթապահ խմբերը օպերատիվ կերպով ժամանել են և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Վթարի հետևանքով տուժած երեք անձ տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին հայտնեց, որ ավտոբուսը վթարի պահին կանգնած է եղել կանգառում։
«Ավտոբուսի վարորդը կանգառում կանգնած է եղել, երբ մի մեքենա բախվել է ավտոբուսին, իսկ մյուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այլ մեքենայի։ Ընդհանուր առմամբ վթարին մասնակցել է 4 տրանսպորտային միջոց՝ ներառյալ ավտոբուսը։ Ավտոբուսում տուժածներ չկան, վարորդի վիճակը նույնպես լավ է»,- նշեց Ասատրյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский