Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հերթական անգամ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած առաջատար ընդդիմադիր ուժերին անվանեց «պատերազմի եռագլուխ կուսակցություններ», որոնք, իր ներկայացմամբ, իրենց հայտարարություններով ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանին կատաղեցնեն ու պատերազմ սադրեն։
«Ամեն օրվա հետ նրանք ապացուցում են պատերազմի եռագլուխ կուսակցություն լինելու փաստը։ Էդ մարդիկ խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին, կորսված հայրենիքի մասին, վերադարձնելու, վերադարձի մասին, դրանք բոլորը պատերազմի սադրանք են»,- Փաշինյանն այս անգամ այսպես ձևակերպեց իր արդեն ծեծված, չարչրկված շանտաժը։
Ավելի վաղ Փաշինյանն անգամ հստակ ժամկետ էր նշել՝ հայտարարելով՝ եթե իր քաղաքական ուժն ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն չլինի, ապա Ադրբեջանը սեպտեմբերին կհարձակվի Հայաստանի վրա և դրանով իսկ լուրջ կասկածներ առաջացնելով, որ Ալիևի հետ նախապես պայմանավորվել է՝ իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Հետաքրքիր է, Նիկոլը հասկանո՞ւմ է, որ իր նման բովանդակությամբ խոսույթն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է, որ 44-օրյա աղետաբեր պատերազմն հենց ինքն է սադրել՝ Ալիևի հետ պայմանավորված լինելով կամ գուցե չլինելով, երբ Ստեփանակերտի հրապարակում ի լուր աշխարհի, այդ թվում ի լուր Ադրբեջանի կառուցողական առաջնորդի, բղավում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» թևավոր արտահայտություն դարձած իր անպատասխանատու հայտարարությունը։
Գուցե սեփական փորձի՞ց է Փաշինյանը ենթադրում, որ եթե այսօր Հայաստանում խոսվի Արցախի ազատագրման, այն վերադարձնելու, արցախցիների վերադարձի մասին, ապա Ալիևը կարող է զայրանալ դրանից ու հերթական ագրեսիվ արկածախնդրությանը դիմել։ Արդեն ճաշակել է դրա դառը փորձը այնպես, որ իր համար մղձավանջ է դարձել Արցախի հետ կապված որևէ հավակնոտ բառ անգամ արտաբերելը, դրանից նա ցնցումների մեջ է ընկնում, որովհետև այս անգամ ևս ի վիճակի չի լինելու կանգնեցնել Ալիևի ռազմական արշավը։ Փաշինյանը մոռացել է, որ Ալիևը համարձակվեց պատերազմ սկսել իր իշխանության կառավարած Հայաստանի դեմ՝ լավ հասկանալով, որ Փաշինյան Նիկոլն ի վիճակի չի լինի կամ գուցե դիտավորությամբ չի փորձի արժանվույն դիմադրել իր կառուցողական գործընկերոջը։
Եվ իր սադրանքն իրոք աղետալի հետևանքներ ունեցավ։ Բայց արդյո՞ք Ալիևը այդքան տղամարդկություն կունենա հարձակվելու ազգային ու պատերազմներից չվախեցող իշխանությունների կառավարած Հայաստանի վրա։ Նախկինում նման ընդամենը մեկ փորձ Ալիևի կողմից արվել է, և նա արժանիորեն ստացել է իր մռութին, որից հետո վազել է ՌԴ նախագահի մոտ ու խնդրել դադարեցնել պատերազմը և նոր պարտադրանքներ է շալակել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։ Ամեն դեպքում Փաշինյանի ինքնախոստովանությունը հետագայում պետք է դրվի 44-օրյա պատերազմի ու դրա պարտության համար հարուցված քրեական գործի հիմքում։
Թագուհի Ասլանյան

Русский