Ժողովրդական իմաստության դրսևորումներից մեկը՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին, իսկը ՀՀ վարչապետի մասին է։ Ինչի՞ մասին է խոսում՝ իր բերած «խաղաղության» ու իր «վերստեղծած պետականության»։
Այսօր՝ ապրիլի 24-ին, երբ համայն հայ ժողովուրդը հիշում ու ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ամրապնդվում Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված այդ մեծագույն ոճրագործության համար հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ու հատուցում պահանջելու իր նպատակներում, Նիկոլ Փաշինյանը օրվա կապակցությամբ ուղիղ եթերով հղած ուղերձում մեզ համար չափազանց վտանգավոր հայտարարություններ է թույլ տալիս՝ չմոռանալով նաև իր «արջի երգը»։
Թեև Ցեղասպանությունը մեզ համար փակված թեմա համարող, հայի մտածողությունից պատմության այդ էջը ջնջել ցանկացող ու Թուրքիայի կողմից ոճրագործության այդ դրսևորումը առաջին համաշխարհային պատերազմի տրամաբանական հետևանք համարող վարչապետից այս օրով այլ բան ակնկալել պետք էլ չէր։ Նրա ուղերձի առանցքը նորից հին ձայնապնակն է՝ մենք մինչ իր իշխանության գալը պետություն չենք ունեցել և ապրել ենք անընդհատ պատերազմների մեջ, և իր հայտնությամբ է, որ հիմա ունենք և՛ պետություն, և՛ խաղաղություն, ինչն իր իսկ հավաստմամբ՝ երաշիք է, որ այլևս երբեք հայ ժողովուրդը չի ցեղասպանվի ու չի տեղահանվի։ Այնինչ, մինչև Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ստանձնել էր մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունները՝ բոլոր ցեղասպանությունները կանխելու առաջամարտիկի առաքելությունը՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու ցեղասպաններին պատասխանատվության ենթարկելու միջոցով։
Այդպիսին էր Հայաստանի միջազգային կշիռը մինչև Նիկոլի իշխանության գալը, և մինչև իր գալն արդեն 40-ից ավելի պետություն էր ճանաչել, դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը ոչ միայն որևէ ձևով չի դատապարտում Օսմանյան Կայսրությանն ու նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությանը, դրա՝ Ցեղասպանության իրողությունը մերժող ղեկավարությանը, այլ նաև իր ուղերձում հայի հանդեպ իրականացված ցաղասպանության մեղքը բաշխում է ինչ-որ անհասկանալի, անդեմ միջազգային խաղացողների միջև, իբրև իրենք են հրահրել մեծ եղեռնը, այլ ոչ թե Օսմանյան Կայսրության ղեկավարությունն է մանրամասնորեն ծրագրավորել և իրականացրել այն՝ ամենասարսափելի դրսևորումներով։ Դա կանխամտածված սպանության պես մի բան է, իսկ Փաշինյանը հիմա բոլորիս ուզում է համոզել, որ Ցեղասպանությունը ոչ թե կանխամտածված ոճրագործություն է, այլ միջազգային խաղացողների միջև բախումների չնախատեսված հետևանք։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։ Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։ Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։ Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա»,- այսպիս մտքեր է երկնել իր ուղերձում Փաշինյանը՝ շրջանցելով Արցախում պարբերաբար իրականացվող մշակութային ցեղասպանության փաստերը իր հաստատած «խաղաղության» պայմաններում։
Փաշինյան Նիկոլ, իսկ ինչո՞ւ ձեր ապահոված երաշխիքները չեն կանխում մշակութային վանդալիզմը Արցախում, որը ևս ցեղասպանության դրսևորում է։ Նշանակում է, որ ձեր վարած քաղաքականությունն իրականում այլ ցեղասպանությունները կանխելու նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը ձեր երկրպագած Էրդողանի հերթական հրամանի ու պահանջի կատարում է, որ Հայոց հարցը ևս թուրքական օրակարգով լուծվի ու դուրս բերվի միջազգային քաղաքական հարթակներից։
Ահա, թե ինչու է Փաշինյանը նոր գաղափարական շրջանակ ստեղծել, որում փորձում է սահմանափակել հայոց պատմության այդ սև և ընդգրկուն էջը՝ ասելով, թե պետք չէ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս հայրենիք փնտրել, շարունակել պանդուխտի մտածելակերպով կեղեքվել ու մտածել երբևէ մեր պատմական հայրենիք վերադառնալու մասին։
Փաշինյանը համոզում է հայ ժողովրդին, թե դա խանգարում է մեզ, որ մենք շենանցնենք ու կառուցենք այն պետությունը, որում ապրում ենք, որը թերի բնակեցված է․ «Մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, մեր պետությունը՝ թերբնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել և գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3–ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետեւ պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա»։
Կարևորը, ուղերձում Փաշինյանը չմոռացավ հերթական անգամ թիրախավորել հայրենասերներին, որոնց համար Ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը ինչ-որ տեղ նաև ազգային գերնպատակ են և նրանց հայտարարել հայ ազգի թշնամիներ, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը լինի ինքնիշխան ու խաղաղ, այլ ձգտում են Հայաստանի Հանրապետության կործանմանը՝ նոր ցեղասպանություններ հրահրելով։ Սա նրա՝ «Արցախի վերադարձի մասին խոսացողները պատերազմ են հրահրում» խոսույթի տրամաբանության հերթական դրսևորումն է, նաև այս ձևով է նա շանտաժի ենթարկում հայ ժողովրդին, թե մեզ սահմանադրական մեծամասնություն չդարձնելու դեպքում նորից կցեղասպանվեք, կգնաք դեպի կառափնարան․ «Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի և զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»։
Փաշինյանի ուղերձը լսելուց հետո հստակ տպավորություն է ձևավորվում, որ դրա հեղինակը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այսպիսով Փաշինյանն ակնհայտ ազդարարեց, որ իր ղեկավարած պետության համար ապրիլի 24-ն այսուհետ լինելու է զուտ հիշողության օր՝ միջազգային անհասկանալի դերակատարների խարդավանքների զոհ դարձած բազմաթիվ հայերի, իսկ Օսմանյան Կայսրությունը, դրա ղեկավարները և այդ կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը որևէ առնչություն չի ունեցել պատմական ողբերգական իրադարձությունների հետ։
Հետևաբար, եթե չկա հստակ հասցեատեր, ապա նաև որևէ մեկին պահանջ չի կարելի ներկայացնել և հետո էլ, Փաշինյանի խոսքով՝ ինչի՞ համար պահանջենք, եթե մեկուկես միլիոն զոհերը զուտ պատահականության հետևանք են, իսկ հայրենիքի կորուստը այն ժամանակվա պատմական անցքերի հետևանք։ Սա է լինելու Փաշինյանի հռչակած Նոր Հայաստանի դիմագիծը, և եթե թուրքը ցեղասպանեց մեր հայրերին ու հայրենազրկեց, Փաշինյանն էլ այդ նոր Հայաստանում բնակվող նոր մտածելակերպով հային հոգևոր ցեղասպանության է ենթարկելու՝ ստիպելով նրան ուրանալ իր նախնիներին, մոռանալ պատմությունը, դավաճանել սեփական ինքնությանը, դավանանքը ու ստորաքարշ ձևով սեղմել մարդասպանի մեկնած արյունոտ ձեռքը։
Այդ համատեքստում է նրա խաչակրաց արշավանքը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ, քանի որ դարեր ի վեր պետականության բացակայության պայմաններում հենց եկեղեցին է եղել մեր ինքնության պահպանման փարոսը։ Մինչ Ալիևը հայկական Արցախում է քանդում, ավիրում ու հողին հավասարեցնում հայկական եկեղեցիները, Փաշինյանն այստեղ է հալածանքների ենթարկում մեր եկեղեցու հոգևոր հայրերին՝ մարտահրավեր նետելով հենց հայ եկեղեցուն։ Եվ ամենասարսափելին այն է, որ այդ գործում նրան աջակցող հայեր կան։ Օրինակ, ինչպե՞ս բնորոշել միակ պետական հեռուստաալիքի՝ Հանրային հեռուստատեսության կողմից այսօր Ծիծեռնակաբերդ այցելած և այնտեղ հիշատակի ծես իրականացնող Վեհափառ հայրապետին եթեր չհեռարձակելը։ Այն դեպքում, երբ հեռուստատեսությունը գոյատևում է նաև հայ հավատացյալներիս վճարած հարկերի հաշվին։
Թագուհի Ասլանյան

Русский