Ապրիլի 24-ի լռությունից ընդամենը մեկ օր անց Երևանի կենտրոնում բոլորովին այլ պատկեր էր։ Եթե նախորդ օրը հազարավոր մարդիկ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա արդեն հաջորդ օրը Ամիրյան փողոցում կազմակերպվել էր խորովածի փարթի, որը երեկոյան շարունակվեց համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։
Միջոցառումը մեծ թվով մարդկանց էր հավաքել․ փողոցը լցված էր խորովածի բույրով, բարձր երաժշտությամբ և տոնական տրամադրությամբ։ Շատերը դա ընկալում էին որպես սովորական ժամանցային նախաձեռնություն՝ քաղաքի կյանքը ակտիվացնելու նպատակով, սակայն հանրության մի հատվածի համար օրը և ձևաչափը միանշանակ հարցեր առաջացրին։
Քննադատության հիմնական պատճառը հենց ժամանակային համընկնումն էր։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ոչ միայն հիշատակի օր է, այլ նաև ազգային ցավի ու լռության խորհրդանիշ։ Եվ երբ ընդամենը հաջորդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպվում է աղմկոտ խորովածի փարթի ու համերգ, շատերի մոտ դա ընկալվում է որպես պատմության մոռացության ազդակ։
Սոցիալական ցանցերում արձագանքները ևս տարբեր էին։ Ոմանք նշում էին, որ կյանքը պետք է շարունակվի, և քաղաքը չի կարող երկար ժամանակ կանգնած մնալ։ Մյուսները շեշտում էին, որ խոսքը պարզապես ժամանցի մասին չէ, այլ պետական և հասարակական վերաբերմունքի։
Երեկոյան համերգն արդեն ավելի մեծ ուշադրություն գրավեց։ Հայտնի երգերի ներքո մարդիկ երգում ու պարում էին, իսկ համացանցում տարածվող տեսանյութերը դարձան նոր քննարկումների առիթ։ Հարցը կրկին նույնն էր՝ արդյո՞ք ճիշտ էր նման ձևաչափ ընտրել հենց այդ օրերին։
Իհարկե, քաղաքային միջոցառումները կարևոր են՝ թե՛ տնտեսության, թե՛ մշակութային կյանքի ակտիվացման տեսանկյունից։ Սակայն հանրային միջոցառումների դեպքում ոչ պակաս կարևոր է նաև ժամանակի ճիշտ ընտրությունը, հատկապես այնպիսի օրերից հետո, որոնք ազգային հիշողության ամենազգայուն էջերից են։
Երևանը երեկ ապրում էր երկու հակադիր տրամադրությունների սահմանագծում՝ հիշողության լռության և բարձր երաժշտության միջև։ Եվ հենց այդ հակադրությունն էր, որ դարձավ քննարկումների գլխավոր թեման։
Էմմա Մարտիրոսյան

Русский