Եվրոպական ավելի քան 10 երկրներ հայտնել են սուպերմարկետների առևտրային սառնարանային համակարգերի վրա իրականացված կիբերհարձակումների մասին. գրել է ՏԱՍՍ-ը։
Հարձակվողները հեռակա կարգով ակտիվացրել են սառնարանների հալեցման (ապասառեցման) ռեժիմը, ինչը հանգեցրել է սննդամթերքի զանգվածային փչացմանը։ Նախնական գնահատականներով՝ վնասը կազմում է տասնյակ միլիոնավոր եվրոներ։
Տուժած երկրների մեծ մասում միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի գիշերը՝ ազդելով Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների և Էստոնիայի սուպերմարկետների վրա։ Նոյեմբերի 3-ի առավոտյան տեղեկություններ են հայտնվել, որ նմանատիպ հարձակումներ են գրանցվել եվրոպական ևս առնվազն երեք երկրում՝ Գերմանիայում, Իտալիայում և Դանիայում։ Հոկտեմբերին նմանատիպ միջադեպեր են արձանագրվել նաև Ֆրանսիայում։
Գերմանիայում Edeka և CAP ցանցերին պատկանող սուպերմարկետները հայտնել են իրենց սառնարանային համակարգերի վրա կատարված կիբերհարձակումների մասին։ Երկու ընկերությունների մամուլի ծառայությունները հաստատել են միջադեպերը՝ նշելով, որ հարձակումներից տուժել են Բավարիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասերում գտնվող խանութները։
Ըստ «Il Messaggero» թերթի՝ Իտալիայի Կատանիայում առնվազն երեք, իսկ Պալերմոյում մեկ առևտրային կետ հայտնել են, որ իրենց սառնարանային սարքավորումները միացել են հալեցման ռեժիմին։ Պորտուգալիայում, ինչպես հաղորդել է «El Observador»-ը, տուժել են Intermarché ցանցի յոթ սուպերմարկետներ։ Բացի այդ, Դանիայում հինգ ընկերություն հայտնել է, որ իրենց սառնարանային սարքավորումները ենթարկվել են կիբերհարձակումների. սակայն «The Copenhagen Post»-ը նշեկ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ ընկերությունների անունները դեռևս չեն հրապարակվում։
Ինչպես TASS-ին պարզաբանել է -Անվտանգության գործառնական կենտրոնի (SOC) տնօրեն Կոնստանտին Մուշովեցը, թվայնացման ընթացիկ գործընթացը հանգեցրել է նրան, որ առևտրային ցանցերում առկա IoT (Իրերի ինտերնետ) սարքավորումներն ու խելացի սենսորները դարձել են ավելի խոցելի նման սպառնալիքների նկատմամբ։ Ըստ նրա՝ 2026 թվականի առաջին կիսամյակում նրանք բացահայտել են, որ IoT սարքերի վրա հարձակումների ռիսկը դառնում է աճող միտում։ Նա նշել է, որ մանրածախ առևտրի ցանցերում և արտադրական օբյեկտներում առկա IoT սարքերը հաճախ միացված են լինում ընդհանուր ցանցերին՝ առանց պատշաճ սեգմենտավորման կամ պաշտպանության, ինչը դրանք դարձնում է հեշտ թիրախներ։

Русский