Վերջին շրջանում սննդամթերքի շուկայում արձանագրվող գնաճը, հատկապես տավարի մսի և ձվի պարագայում, արդեն դարձել է լուրջ քննարկումների ու դժգոհությունների թեմա։ Տավարի փափկամսի գինը հասել է շուրջ 6000 դրամի, իսկ ձուն 90–95 դրամ է, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի թանկ։
Այս զարգացումների շուրջ MediaHub-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ մսի և ձվի թանկացման հիմնական պատճառը ագրարային հստակ քաղաքականության բացակայությունն է։ «Միակ բանը, որ ընդհանուր է թե՛ մսի, թե՛ ձվի թանկացման համար, ագրարային քաղաքականություն չունենալն է։ Տավարի մսի շուկայում այսօր առկա է դեֆիցիտ։ Գյուղացիները ավելի քիչ են հետաքրքրված անասնապահությամբ զբաղվելով, ինչի հետևանքով առաջարկը նվազում է»,- նշեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ առկա են նաև այլ գործոններ։
Նրա խոսքով՝ դեֆիցիտի առկայությունը բնական պրոցես է, որովհետև եթե ոչինչ չես անում, խնդիրը խորանում է։ «Եվ նույնիսկ այն միսը, որը նախկինում վաճառվում էր մոտ 4000 դրամով, այժմ կարող է զգալիորեն թանկանալ»,– ասաց Պիպոյանը
Մեր զրուցակիցը նաև ուշադրություն է հրավիրում սպանդանոցների գործունեության վրա՝ նշելով, որ դրանք հաճախ չեն կատարում իրենց հիմնական՝ սննդի անվտանգության ապահովման գործառույթը։ «Այսօր սպանդանոցից ուղղակի թուղթ են գնում»,– ասաց նա՝ ակնարկելով վերահսկողության ձևական բնույթը։ Գների աճը նաև բերում է անուղղակի հետևանքների․ որոշ վաճառողներ փորձում են նվազեցնել ինքնարժեքը՝ խառնելով տարբեր տեսակի մսեր։
Ի տարբերություն մսի շուկայի, ձվի գնի տատանումները պայմանավորված են այլ գործոններով։ Այստեղ, ըստ Պիպոյանի, խնդիրը համակարգային է՝ կապված պետության կողմից բիզնեսին բավարար աջակցություն չտրամադրելու հետ։ Նա ընդգծում է, որ Հայաստանում բացակայում են մթերման և վերամշակման խոշոր կենտրոնները, որոնք կարող էին կայունացնել շուկան և նվազեցնել գնի տատանումները։
Գնաճը կարող է անդրադառնալ նաև կաթնամթերքի շուկայի վրա, հատկապես եթե Իրանի հետ առևտրում խնդիրներ առաջանան։ Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի այլ շուկաներ որոնել։
«Հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք՝ մեզ համար կաթնամթերքի այլընտրանքային շուկա կարող է լինել Բելառուսը, սակայն շատ տնտեսվարողներ կարող են ընտրել այլ երկրներ ու արտադրողների»,- ասաց Պիպոյանը։
Ամփոփելով խոսքը՝ Պիպոյանը շեշտեց, որ բիզնեսը, ի վերջո, ինքն է ընտրելու իր գործընկերներին և մատակարարներին, սակայն պետության հիմնական դերը պետք է լինի ռիսկերի կանխարգելումն ու արդյունավետ քաղաքականության մշակումը։ Այդ քաղաքականության բացակայության պայմաններում տեղական արտադրողները կարող են կանգնել լուրջ մարտահրավերների առաջ, իսկ սպառողները՝ շարունակական գնաճի։
Ալիտա Եղիազարյան

Русский