Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գրեթե 7 տարի անց Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածը կառուցվում է

Blog Image

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի վիճահարույց հատվածի կառուցումը մեկնարկել է։
 
MediaHub-ը հիշեցնում է, որ դեռ 2018 թվականին դատարանի վճռով ճանապարհի կառուցման համար վիճահարույց հողամասից առանձնացվել է 503 քմ տարածք, որը 40.5 մլն դրամ փոխհատուցման դիմաց գրանցվել է ՀՀ-ի անունով։ Սեփականատերը՝ Արշակ Արշակյանը, չի համաձայնել վճռի հետ, բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն այն մնացել է անփոփոխ։
 
Հողի նախկին սեփականատերը 2022 թվականին դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև անվավեր ճանաչել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ բոլոր իրավական փաստաթղթերը։ Դիմումն ընդունվել է վարույթ, և որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանն արգելել է քաղաքապետարանին որևէ շինարարություն իրականացնել։ Ասիական զարգացման բանկի պատվերով 2025 թվականի օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանը սեփականատիրոջն առաջարկել է 202 մլն դրամ (մոտ 5 անգամ ավելի, քան նախկինում էր փոխհատուցվել)։
 
Սեփականատերը կրկին չի համաձայնել՝ պահանջելով 700 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործած հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց ևս փոխհատուցում։
 
Դատարանի կիրառած արգելանքի հետևանքով Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղու ճանապարհային ենթակառուցվածքի մինչև 270 մետր հատված մնացել է անավարտ, ինչը պատճառ է դարձել այս հատվածում երթևեկության խաթարման՝ առաջացնելով վթարներ և խցանումներ։
 
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի վիճահարույց հատվածի կառուցումը հրատապ կարգով մեկնարկելու որոշման նախագիծն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում։
 
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև ճանապարհի այդ հատվածի երկու կողմերը պատրաստ են, և հիմա հնարավորություն է ստեղծվել շինարարությունն իրականացնելու։ Դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Փաշինյանը նշել է, որ հետաձգումների նոր փուլի մեջ չընկնելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքային իշխանությունների և ՏԿԵ նախարարության աշխատանքի սերտ կոորդինացիա։
 
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ մասնավորապես նշելով, որ առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է մեկնարկեն,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Դեռ մարտին Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ շփման ընթացքում նշել էր, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկար ժամանակ չկառուցվող հատվածի հարցով կառավարությունը փորձում է բանակցությունների միջոցով հասնել լուծման։ Այժմ աշխատաննքերը սկսվել են այս խնդրահարույց հատվածում։

Send