Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչով դաջվածքները։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ կատարվածը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում հայ գերիներին դարձնում է առավել խոցելի։ Ավելին, Սահակյանը չի բացառել, որ քրիստոնեական մշակույթ կրող լինելը նույնիսկ կարող է դժվարացնել քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ։
Բայց այստեղ առաջանում է գլխավոր հարցը․ ինչպե՞ս է նման վերաբերմունքը համատեղելի խաղաղության դարաշրջանի, խաղաղության պայմանագրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին պաշտոնական օրակարգի հետ։
Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։
Ի՞նչ քաղաքական ուղերձ է Ադրբեջանը դրանով փոխանցում ոչ միայն Հայաստանին, այլ նաև միջազգային հանրությանը։ Մամիջանյանի խոսքով՝ այստեղ առնվազն երկու կարևոր հանգամանք կա։
«Այստեղ երկու արձանագրելու փաստ կա։ Թե այս դեպքը, թե նախորդիվ տեղի ունեցած բոլոր նմանօրինակ արձանագրությունները ցույց են տալիս՝ Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն բարձր մակարդակ ունի հասարակության մեջ, այլ նաև, ինչպես առաջ դպրոցական դասագրքերում էր՝ պետության կողմից խրախուսվում և ֆինանսավորվում էր, նույնը մնացել է։ Թե ինչի հետ են նրանք խաղաղություն անում այս համատեքստում, ես չեմ կարող հասկանալ։ Երկրորդը՝ եթե միայն գերիների թեման բարձրաձայնում է Սիրանուշ Սահակյանը, դա վկայում է այն մասին, որ կառավարությունը ոչինչ չի անում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մամիջանյանը։
Փաշինյանը Բիշքեքում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քննարկել են նաև գերիների հարցը։ Այդ հանդիպումից հետո Բաքվից հնչող նման քայլն ի՞նչ ուղերձ էր։ Մամիջանյանը կարծում է, որ միայն հայտարարություններով հնարավոր չէ հարց լուծել։
«Բոլոր հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ Ալիևի հետ քննարկել ենք գերիների հարցը։ Ասելով չի։ Հուսանք, որ մի օր նրանք կլինեն ազատության մեջ»,- ասաց նա։

Русский