Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութով է կիսվել և դրան սրտիկներ դրել, որում քաղաքացին երջանկացած պատմում է, որ 1.800.000 դրամով իր լեղապարկն են վիրահատել, սակայն, ըստ բժիշկ Գևորգ Գրիգորյանի, լեղպարկի հեռացման գինն ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրվել է 300.000 դրամ:
MediaHub-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այստեղ հարցը ոչ թե քաղաքացու պնդումն է, որ ինքը 1.800.000 դրամ արժեցող լեղապարկի վիրահատությունն անվճար է անցել, այլ այն, որ առողջապահության նախարարը՝ ոլորտի թիվ 1 պատասխանատուն, իր էջում հրապարակում է տեղեկատվություն, որը մաքուր մանիպուլյացիա է, այսինքն` որևէ կերպ հնարավոր չէ լեղապարկ վիրահատել 1․800․000 դրամով։
«Ապահովագրության շրջանակներում այդ վիրահատության գինը հաշվարկված է մոտավորապես 300․000 դրամ։ Առողջապահության նախարարը լավ իմանալով, որ տիկնոջ ասածը կամ մանիպուլյատիվ է, կամ այդ տիկինը ինչ-որ մի բան խառնել է, նա իր էջում ողջունում է այդ ապատեղեկատվությունը։ Հիմա ինձ ասեք, հասկանամ՝ ո՞ր տարբերակն է, նախարարը տեղյակ չէ իր հաստատած գնային քաղաքականությունի՞ց, թե՞, որ 1․800․000 դրամով հնարավոր չէ լեղապարկ վիրահատել, և այդպիսի գին Հայաստանի Հանրապետության որևէ վիրաբուժական բաժանմունքում չկա։ Կամ գուցե նախարարը մանիպուլացնո՞ւմ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Նա հավելեց․ «Ես գտնում եմ, որ նախարարը, այդ տեսանյութը հրապարակելով, որի վրա գրված է 1․800․000 դրամով վիրահատություն և այլն, մանիպուլացնում է թե՛ բուժաշխատողներին և թե՛ պացիենտներին։ Իսկ այդ տիկինը կարող է՝ խառնել է որևէ բան, կարող է՝ այդպիսի պատվեր է ստացել, ես չեմ ուզում մանրամասնեմ կամ դրա մեջ խորանամ, ստեղ հարցը նախարարի էթիկայի մեջ է, որ 3 հատ սրտիկ դնելով այդ տեսանյութը տեղադրում է իր էջում, խնդիրը նախարարի գործելաոճի մեջ է, ոչ թե տիկնոջ հնչեցրած խոսքի»։
MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, հասկանալու՝ արդյո՞ք նախարարը տեղյակ չէ գնացուցակներից։
«Տվյալ տեսանյութում անհստակ է, թե քաղաքացուն կոնկրետ ինչ բուժօգնություն է տրամադրվել, ինչ ծավալով, այդ մեկ կարճ հատվածով չեմ կարող մեկնաբանել, եթե հավելյալ տեղեկություն ունեք, տվեք, փորձեմ հասկանալ»,- պատասխանեց Ծատրյանը։

Русский