Մարտի 11-ին Ստամբուլի միջազգային օդանավակայանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան իրականացվեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը։ Արդեն հաջորդ օրը եղավ նաև առաջին թռիչքը Երևանից դեպի Ստամբուլ։
Սակայն թե քանի ուղևոր է եղել առաջին չվերթում, պատասխանել չկարողացան ո՛չ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ո՛չ էլ «Զվարթնոց» օդանավակայանից։
Քաղավիացիայի կոմիտեից MediaHub-ի հետ զրույցում միայն նշեցին, թե ինչ հաճախականությամբ են իրականացվելու թռիչքները։
««Turkish Airlines»-ը հենց հիմա իր թույլտվությունով ամեն օր թռիչք է անելու՝ շաբաթական 7 օր հաճախականությամբ»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։
Նոր ավիաուղղությունը, ըստ իշխանությունների, կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեում արդեն քննարկումներ են եղել ավիաընկերության ներկայացուցիչների հետ։
«Հանդիպում եղել է «Turkish Airlines»-ի և զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների միջև, քննարկվել են հնարվոր համագործակցության տարբերակները, որի շնորհիվ զբոսաշրջային հոսքեր կնկատվեն տարբեր ուղղություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը։
Զբոսաշրջության Կոմիտեից նաև նշեցին, որ ավիաընկերությունը կարող է ոչ միայն Թուրքիայից զբոսաշրջիկներ բերել Հայաստան, այլ նաև այլ երկրներից։
««Turkish Airlines»-ը ոչ միայն Թուրքիայից կապահովի զբոսաշրջային հոսք, այլ նաև այն երկրներին, որտեղ կան թռիչքներ ուղիղ դեպի Ստամբուլ, բայց չկան դեպի Երևան։ Բայց քանի որ դեռ առաջին թռիչքներն են իրականացել, հոսքերի մասով ոչինչ չեմ կարող դեռ ասել։ Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում զարգացում կնկատվի»,- ասաց Բաղդասարյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский