Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայկական բնակավայրն անվանեց ադրբեջանական՝ «Քյարքի» անունով։
Հանրության շրջանում շարունակվում է քննադատությունը Փաշինյանի հասցեին՝ հայկական բնակավայրերն ու տարածքները ադրբեջանական տեղանուններով հիշատակելու համար։
Նախկինում նա Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտան գյուղի մոտ գտնվող տարածքն անվանել է «Էյվազլի», իսկ Տավուշի սահմանային հատվածներում գտնվող բնակավայրերի դեպքում օգտագործել ադրբեջանական անվանումներ՝ «Կըզըլ Հաջիլի», «Խեյրիմլի» և այլն։
Պատմաբան Միքայել Թորոսյանն ուղղում է Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով հատկապես Տիգրանաշենի անվանմանը։ «Քյարքի չէ։ Քարքեն է, կամ՝ Քարը քե, այսինքն՝ քարը քեզ։ Հիմա մեր եղած հայրենի քարերն էլ մեզ չեք թողնում՝ ձնոտ սարերի նման, տալիս եք թուրքերին, որ մեր քարերով մեր գլուխը ջարդե՞ն»։
Պատմաբանը Տիգրանաշենի անվան շուրջ իր դիտարկումը կապում է նաև հայ գրականության հետ՝ հիշեցնելով Րաֆֆու պատմվածքներից մեկում հիշատակվող Քարե լեռը։ «Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարե լեռան ետևում և Տարոնն ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ, ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում…»։
«Հիմա հերթը հասել է Հայաստանին։ Երկիրը կուլ է տալիս Քյարքի դարձրած Քարքեն, ու ոչ մի ազատարար աստղ չի երևում, չի ցանկանում տեր կանգնել իրեն, ինչպես տեր չկանգնեցին Արցախ աշխարհին։ Աստված խաբողների երեսից պատժեց, վերցրեց ու թողեց թուրքին»,- ասում է մեր զրուցակիցը։
Փաշինյանը պարբերաբար հղում է անում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման հիմքի։ Սակայն, ըստ պատմաբանի, մեր պատմությունը 1991-ից չի սկսվում, և այդ համատեքստում որևէ կերպ չի խոսվում պատմական Նախիջևանի, կորսված Արցախի, առավել ևս՝ Արևմտյան Հայաստանի հոգևոր և մշակութային ժառանգության մասին։

Русский