Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանից դեպի Ադրբեջան ի՞նչ ապրանք է արտահանվել, ինչո՞ւ է Ալիևը «գցում» Փաշինյանին

Blog Image

Հայ-ադրբեջանական բարիդրացիական հարաբերությունների բարելավման ու խորացման ուղղությամբ Հայաստանը ինչ ասես, որ պատրաստ չէ անել՝ Սահմանադրություն փոխել, Ադրբեջանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար Ադրբեջանով ապրանքներ ներկրել, ինչը փաստացի Հայաստանին որևէ առավելություն չի տալիս, էներգետիկ փոխգործակցության գնալ այն դեպքում, երբ էներգետիկ ինքնաբավության առումով Հայաստանը մեծ ներուժ ունի, այն ընդամենը զարգացնել է հարկավոր։

Ինչևէ։ Բոլոր այս սցենարներում Ադրբեջանը փաստացի Հայաստանին օգնելու ուղղությամբ ոչինչ չի անում։ Փոխարենը պոպուլիստական հայտարարություններով միջազգային հանրության աչքին փորձում է իրեն մարդասեր, խաղաղասեր ու բարի կամքի դեսպան երևակայել, թե իբրև մեծահոգաբար բացել է իր սահմանը Հայաստանի բեռների համար, իբրև Հայաստանում էներգետիկ ճգնաժամի դեպքում պատրաստ է օգնության ձեռք մեկնել և էլեկտրաէներգիա մատակարարել ու համալրել հայկական պահանջարկը։ Հայկական ապրանքների համար ռուսական շուկայում սահմանափակումները թերևս լավագույն առիթն են, որպեսզի Ադրբեջանը ցույց տա, թե իրականում որքանո՞վ է շահագրգռված Հայաստանին օգնության ձեռք մեկնելով։

Շուկայի դիվերսիֆիկացման մասին խոսող, սակայն այդպես էլ դրանից գլուխ չհանող մեր երկրի ղեկավարն անգամ այդքան հեղինակություն չունի իր ադրբեջանցի կառուցողական գործընկերոջ մոտ, որպեսզի Հայաստանում նրա վարկանիշը պահպանելու և տնտեսվարողների շրջանում հասունացած դժգոհությունը սաստելու համար որոշակի խումբ ապրանքներ պատրաստականորեն ընդուներ և իրացներ իր շուկայում։ Օրինակ՝ մեր հարևան Վրաստանն այդ առումով ավելի մեծահոգի գտնվեց և թույլ տվեց, որ հայկական ծաղիկներն ու ձուկը մուտք գործեն իր շուկա։ Այնինչ այս տարվա առաջին կեսին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանից արդեն գրեթե 18 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, այդ թվում՝ ադրբեջանական բենզին և դիզելային վառելիք։ Դեռ տարեսկզբին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկով, որոնք կարող են արտահանել միմյանց երկրներ, և հավաստիացրել, որ փոխադարձ առևտուրը շուտով կարող է իրականություն դառնալ, և գործարար աշխարհը շուտով կարձագանքի այդ հնարավորություններին։ Տարին շուտով կավարտվի, սակայն նախարարի այդ հավաստիացումներն այդպես էլ իրականություն չեն դարձել, չնայած այն բանին, որ այսօր հայ տնտեսվարողները դրա անհրաժեշտությունը խիստ ունեն՝ զրկվելով ռուսաստանյան հսկայական սպառման շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը շահագրգռված լինի նպաստել Հայաստանի տնտեսության կայունացմանը, եթե նրան ձեռնտու է հնարավորինս թուլացնել երկիրը նաև տնտեսական ճնշումներով և այդպիսով հնարավորություններ ստեղծել այդ տնտեսության թուլացման և սեփական տնտեսության հզորացման համար։ Ադրբեջանը միանշանակ առաջնորդվում է լիդերի ձգտումներով, և այդ սկզբունքով Հայաստանի տնտեսության թուլացումն իր համար հրաշալի հնարավորություն է այդ տնտեսությունն առանց զենքի գրավելու և սեփական տնտեսության զարգացման նպատակով օգտագործելու համար։

Ադրբեջանական կողմից հեռանկարներ են ստեղծվում գրավելու ոչ միայն հայկական արտադրանքի արտաքին շուկաները, այլ նաև հենց հայաստանյանը։ Բայց մեր իշխանությունները չեն դադարում հուսադրել, թե ադրբեջանական շուկան շուտով մատչելի կդառնա մեզ համար։ «Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»,- օրերս լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, արդարության համար, որպեսզի մենք ևս զուտ պոպուլիստական հայտարարություններ անողի տպավորություն չթողնենք, փորձեցինք նախ Էկոնոմիկայի նախարարությունից հստակ տեղեկատվություն ստանալ, թե ադրբեջանական սահմանը բացվելուց հետո Հայաստանից դեպի Ադրբեջան ինչ և որքան քանակությամբ ապրանք է արտահանվել անմիջապես ադրբեջանական շուկա կամ երրորդ երկրներ։ Մեզ ուղղորդեցին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն՝ ասելով, թե այդ ոլորտն իրենք են համակարգում։ Բայց մեր դեգերումները այդքանով չավարտվեցին, քանի որ Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունից էլ մեզ հորդորեցին զանգահարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և այնտեղից ճշտել տեղեկատվությունը։ Մհեր Գրիգորյանի գրասենյակում զարմացան մեր հարցադրումից՝ ասելով, որ այդ ոլորտը Էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի տիրույթում է։ Ամեն դեպքում՝ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որն էլ այնտեղից կուղղորդեն Էկոնոմիկայի նախարարություն և ՊԵԿ ու քննարկումներից հետո մեզ կպատասխանեն։

Փաստորեն՝ անգամ ոլորտների կառավարման հարցում մեր կառավարությունում հստակություն չկա, և իրենք դեռ չեն պարզել, թե որ գերատեսչությունն իր գործառույթները պետք է իրականացնի։ Մենք, իհարկե, հարցումը կուղարկենք, և պատասխանը լինելու դեպքում արդեն վիճակագրական տվյալներով կներկայացնենք, թե իրականում ինչպիսի՞ ընթացքով են զարգանում Հայաստանի և Ադրբեջանի միջև այդքան գովերգված տնտեսական հարաբերությունները։

Թագուհի Ասլանյան

Send