Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 49 հասցեում երեկ լարված իրավիճակ էր։
Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ փորձել են ապամոնտաժել վեց բնակելի տնակ, որտեղ ընտանիքներ են ապրում։ Բնակիչները փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը, ինչի հետևանքով երկու անձ բերման է ենթարկվել։ Տեղում նաև շտապօգնություն է կանչվել։
Քաղաքապետարանը համաձայնել է ժամանակավորապես չշարունակել քանդման աշխատանքները։
Տնակների բնակչուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այդ տարածքում ապրում են ավելի քան 30 տարի։ Նրա խոսքով՝ տնակները ժամանակին ստացել են բարերարներից, իսկ տարածքը, որը նախկինում աղբանոց է եղել, իրենց ուժերով բարեկարգել են։
.jpg)

«Տնակների քանդման մասին մեզ պատշաճ նախապես չեն տեղեկացրել։ Օգոստոսի 28-ին ենք իմացել, որ արդեն երկուշաբթի պետք է հեռանանք տարածքից։ Մի քանի օրում մեծ ընտանիքների համար նոր բնակության վայր գտնելը անհնար է, առավել ևս տեղափոխվելը։ Որտե՞ղ գնանք, արդյո՞ք մեզ աջակցություն կտրամադրվի»,- տարակուսում է մեր զրուցակիցը։
Քաղաքապետարանի ներկայացրած պատճառաբանությամբ՝ տարածքը վերածվել է շինարարական աղբի կուտակման վայրի, որտեղ մեքենաներով շինարարական աղբ են բերում և դրա դիմաց գումար են վճարում։
Բնակիչներին ամենահուզող հարցը իրենց ճակատագիրն է: «Եթե տնակները վերջնականապես ապամոնտաժվեն, որտե՞ղ ենք ապրելու։ Խնդիրը միայն ապօրինի կամ ինքնակամ շինությունների հարցը չէ։ Կա նաև սոցիալական խնդիր՝ ինչ է լինելու մեզ հետ, եթե այդ տնակը փաստացի մեր միակ բնակության վայրն է։ Ոչ մի լուծում չեն առաջարկում մեզ, ասում են՝ «հեռացեք, սա ապօրինի շինություն է»»,- նշում է կինը։
Շենգավիթի դեպքը նաև ավելի լայն խնդիր է բարձրացնում՝ Երևանում քանի՞ ընտանիք է այսօր ապրում նման տնակներում, քանի՞սն են զրկվելու իրենց միակ կացարանից, և արդյոք ապամոնտաժման գործընթացներին զուգահեռ պետությունը նախատեսում է մարդկանց համար բնակարանային կամ սոցիալական աջակցության որևէ ծրագիր։

Русский