Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սփյուռքը «վերածեցին» օգտագործած հագուստ ուղարկողի, ի՞նչ վիճակ է այժմ Սփյուռքում

Blog Image

2019 թվականին ՀՀ կառավարության կողմից Սփյուռքի նախարարության լուծարումը և փոխարենը ընդամենը վարչապետի աշխատակազմի ներքո գործող գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումը նախանշեց իշխանությունների հետագա վերաբերմունքը հայկական Սփյուռքի հանդեպ՝ արհամարհական, արժեզրկող, պառակտիչ ու հայրենիքի հետ կապերը հնարավորինս խզելուն միտված։

Փաշինյանի թիմի կառավարման ողջ տարիներին հատկապես իշխանության ղեկին հայտնված անձը բազմիցս է իր հայտարարություններով փորձել ավելի ու ավելի մեծացնել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ձևավորվող անջրպետը, և թվում է, թե հասել է իր նպատակին, քանի որ երբևէ Սփյուռքն այսքան չեզոք ու անմասն չի եղել հայ ժողովրդի ճակատագրական գործընթացներում։ Ցանած աղետաբեր սերմերը սկսել են պտուղ տալ։ Եվ թերևս Փաշինյանի բերանից հնչած վերջին վիրավորական արտահայտությունը օտար երկրներով մեկ ցրված հայկական համայնքների վերաբերյալ այն էր, որ նա Սփյուռքը համարեց Հայաստան second-hand ուղարկող կառույց։ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է այն իրողությանը, որ պատմականորեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հաճախ հիմնված են եղել «օգնողի» և «օգնություն ստացողի» բանաձևի վրա: Որպես օրինակ՝ նա նշել է, որ տարիներ շարունակ Սփյուռքից Հայաստան են ուղարկվել second-hand (օգտագործված) հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ասաց, որ այդ ներուժը շատ ավելի ընդարձակ է ու բովանդակային, քան այսօր և երբևէ օգտագործվել է։ «Դա եղել է խնդիր բոլոր իշխանաշրջաններում՝ ինչպես արդյունավետ կազմակերպել այդ հարաբերությունները, ինչ կառուցվածքով, ինչ ծրագրերով։ Խնդիրն այն է, թե այդ կառույցը՝ նախարարության, թե գրասենյակի ձևով, գնալու է նեղ իշխանական կուսակցական օրակա՞րգ իրացնելու, որ Սփյուռքի ներքին շեղումների ու պառակտումների պատճառ կարող է դառնալ, թե լինելու է վերիշխանական և փորձելու է Սփյուռքի ողջ ներուժը՝ թե՛ ավանդական, թե՛ նորարական, անհատական ու հավաքական, օգտագործել հանուն Հայաստանի»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողվել է այդ ոլորտում և լուրջ վերանայումների կարիք ունի։

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե «որքան թույլ լինի Սփյուռքը, այնքան ուժեղ կլինի Հայաստանը»՝ մեր զրուցակիցն այդ և նմանատիպ հայտարարություններն անհեթեթություն որակեց: 

«Եթե գործող իշխանությունը՝ իր ղեկավարներով հանդերձ, համաքաղաքացիներին սպառնում են կամ հրապարակայնորեն հարցնում են, թե ինչու չեն զոհվել, ինչու են այսօր ողջ, և քաղաքական նման հարյուրավոր անհեթեթություններ, հակազգային, հակապետական հայտարարություններ [են անում], պետք չէ զարմանալ նաև նման հայտարարությունների դեպքում։ Հայաստան-Սփյուռք տիրույթում այդպիսի փայլատակումներն անհեթեթ որակելը շատ մեղմ է։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ նրանք, ովքեր պատասխանատու են այդ ոլորտի համար, տգետ են, տմարդի մոտեցում ունեն և ընդհանրապես չեն հասկանում, թե որն է Հայաստանի պետական շահը և որն է Սփյուռքի մասնակցային բաժինը այդ պետականաշինական աշխատանքներին։ Եթե բնավորությամբ ուրիշ մարդ լինեի, այլ եզրույթներով առկա վերաբերմունքն ու վիճակը կնկարագրեի։ Իսկապես հատակային վիճակի ենք հասել, եթե դա է պետական մոտեցումը»,- եզրակացնում է կուսակցության նախագահը։

Նրա կարծիքով՝ այդկերպ իշխանություններն ուզում են ցույց տալ, թե նորարար են, առաջադեմ են, և կարելի է վիճահարույց բաները դարձնել կանոնավոր։ Արդյունքում՝ այդ հարաբերությունները շրիշակից ցածր մակարդակի են հասցվել։ «Ես, որ եղել եմ ընդդիմություն բոլոր իշխանությունների ժամանակ, կարող եմ ասել, որ նման ցածրություն երբևէ չեմ տեսել»։

Հարցին, թե Սփյուռքն ինչպե՞ս է վերաբերվում հայաստանյան իշխանությունների կողմից նման դրսևորումներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Սփյուռքը բազմաշերտ է թե՛ իր աշխարհագրությամբ, թե՛ ձևավորման ժամանակագրությամբ, կենսագրությամբ։ Ինչպես Հայաստանում բազմակարծություն կա շատ հարցերում, նույնն էլ Սփյուռքում է, բայց կարելի է ասել, որ Սփյուռքի կարողունակությունն իրացնելու և Հայաստանի պետական, ազգային շինարարությանը կապելու տեսակետից այն շատ անկազմակերպ է, անտարբեր է, անվստահ, ինչն էլ խանգարում է հայրենիքի հետ կապը ստեղծելու և ազդեցությունները պահպանելու համար։ Դա նաև Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքի նկատմամբ վարած քաղաքականության հետևանք է, որը նա «հայկական ինքնահարված է որակում մի իշխանության կողմից, որը եկավ իշխանության ազգին միավորելու պատրանքով»։

Թագուհի Ասլանյան

Send