2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել է նոր իրողություն, որն իր ազդեցությունն է ունենալու նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների հետագա գործունեության վրա։
Այսօր, երբ Արցախի թեման Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերն ավելի ակնհայտ են դառնում, Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ հիշեցնելով ոչ վաղ անցյալի քաղաքական հայտարարությունները։
«2021 թվականին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին խոսույթով, մինչդեռ 2026 թվականին Հայաստանն արդեն կանգնած է բոլորովին այլ իրողության առաջ։ Այսօր փորձ է արվում ամբողջությամբ փակել Արցախի թեման, և հենց այս պայմաններում է անհրաժեշտ հստակեցնել հետագա անելիքները»,- ասաց Իսկանդարյանը։
Հենց այդ նպատակով որոշում է կայացվել քաղաքական կոնսուլտացիաներ սկսել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։
Իսկանդարյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ՝ Հայաստանի քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և, ամենակարևորը՝ ինչպիսի գործնական քայլերի են պատրաստ։
«Արցախի իշխանությունները պատրաստ են բաց և քաղաքական երկխոսության՝ առանց որևէ ուժի դիրքորոշումը նախապես կանխորոշելու»։
Այսպիսով, նոր քաղաքական իրողության պայմաններում Արցախի իշխանությունները փորձում են քաղաքական ուժերից ստանալ հստակ պատասխաններ՝ ոչ միայն Արցախի հարցի նկատմամբ վերաբերմունքի, այլև դրա հետագա քաղաքական օրակարգում պահպանման և հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Հունան Թադևոսյան

Русский