Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Շուկան կլցվի ներմուծմամբ, գյուղմթերքը կթանկանա»․ ի՞նչ է սպասվում հարկման փոփոխությունից հետո

Blog Image

2027թ․ հունվարի 1-ից գյուղատնտեսության ոլորտը կանցնի շահութահարկով հարկման համակարգի՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչ այժմ ոլորտը հիմնականում ազատված է եղել հարկերից, ինչը, մասնագետների գնահատմամբ, կարևոր գործիք է եղել գյուղատնտեսության պահպանման և խթանման համար։

Այս փոփոխությունը կարող է ունենալ ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ լուրջ հետևանքներ։ Անմիջապես կարող է աճել գյուղմթերքի ինքնարժեքը, քանի որ արտադրողները ստիպված կլինեն իրենց ծախսերի մեջ ներառել նաև հարկային բեռը։ Երկարաժամկետ հեռանկարում կա ռիսկ, որ ոլորտի շահութաբերության նվազման պատճառով գյուղացիների մի մասը կհրաժարվի գործունեությունից։

Միևնույն ժամանակ առաջանում է նաև ստվերի աճի վտանգ։ Եթե գյուղատնտեսական տնտեսությունները սկսեն ցույց տալ ցածր շահույթ՝ հարկերից խուսափելու նպատակով, կարող է մեծանալ եկամուտների թաքցման պրակտիկան, հատկապես այն հատվածներում, որտեղ հաշվառման մեխանիզմները թույլ են։

Հարց է առաջանում՝ ո՞վ է առավել տուժելու՝ փոքր ֆերմերները, թե խոշոր ագրոբիզնեսը։ Տրամաբանորեն փոքր տնտեսությունները ավելի խոցելի են․ նրանք չունեն բավարար ֆինանսական բուֆերներ և հաշվապահական ռեսուրսներ, մինչդեռ խոշոր բիզնեսները կարող են ավելի հեշտ ադապտացվել նոր կանոններին։ Սա նաև բարձրացնում է այն ռիսկը, որ փոքր տնտեսությունները աստիճանաբար դուրս կմղվեն շուկայից։

Գների աճը ևս գրեթե անխուսափելի է։ Հարկային բեռի ավելացումը սովորաբար փոխանցվում է վերջնական սպառողին, ինչի արդյունքում գյուղմթերքը թանկանում է։ Սա, իր հերթին, կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունը ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Արտահանման վրա ազդեցությունը նույնպես կարող է բացասական լինել․ եթե արտադրանքի ինքնարժեքը բարձրանա, հայկական գյուղմթերքը կարող է կորցնել իր դիրքերը արտաքին շուկաներում, հատկապես այն երկրների համեմատ, որտեղ գյուղատնտեսությունը շարունակում է սուբսիդավորվել։

MediaHub-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ փոփոխությունը կարող է լուրջ հարված հասցնել ոլորտին։

«Մեկ բառով ասած՝ շատ վատ ազդեցություն կարող է թողնել գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսության ոլորտը պետք է ունենա աջակցման ծրագրերի այնպիսի համակարգ, որը կապահովի շահութաբերության նվազագույն մակարդակ։ Լավ շահութաբերությամբ հարկում ենք, բայց ունե՞նք ծրագիր, որ այն գյուղացին, որը չարչարվել է, բայց շահույթ չի ստացել, աջակցություն ստանա»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ գրեթե բոլոր ենթաճյուղերը կարող են տուժել, քանի որ Հայաստանում քիչ են այն ուղղությունները, որտեղ գյուղատնտեսությունը բարձր շահութաբերություն ունի։

«Բոլոր ոլորտները կտուժեն։ Մենք շատ քիչ ուղղություններ ունենք, որտեղ գյուղատնտեսը կարող է մեծ շահույթ ունենալ։ Պետությունը պետք է որոշի՝ գյուղատնտեսությունը իր համար պարենային ապահովության գործի՞ք է, թե՞ պարզապես եկամուտ ստեղծող ոլորտ։ Կարող ենք ունենալ շահութաբեր ուղղություններ և երկիրը ողողել այդ արտադրանքով, բայց միաժամանակ ունենալ խնդիրներ, օրինակ՝ անասնակերի պակաս»,- նշեց տնտեսագետը։

Պիպոյանը նաև ընդգծում է, որ պետության առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե միայն հարկ հավաքելը, այլ ռեսուրսների ճիշտ բաշխումը։ «Եթե որևէ ուղղություն դառնում է շահութաբեր և տարածվում մեծ ծավալներով, պետությանը պետք է հետաքրքրի՝ արդյոք հողերը միակողմանի չեն օգտագործվում, և արդյոք այլ ոլորտներում խնդիրներ չեն առաջանում»։

Նա վստահ է, որ գների աճը անխուսափելի է։ «Միանշանակ կթանկանա, և այդ թանկացումը բերելու է ոչ մրցունակության։ Իսկ ոչ մրցունակությունը բերելու է նրան, որ շուկան կլցվի ներմուծվող ապրանքներով, և գյուղացին պարզապես չի ցանկանա զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշեց Պիպոյանը։

Ըստ նրա՝ այսօր արդեն նկատվում է անասնապահության նվազում, ինչը պայմանավորված է ցածր եկամտաբերությամբ և արոտավայրերի խնդիրներով, և նոր հարկային բեռը կարող է ավելի խորացնել այս միտումը։

Ամփոփելով՝ գյուղատնտեսության հարկման նոր կարգը կարող է դառնալ համակարգային փոփոխություն, որի ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք պետությունը զուգահեռաբար կիրականացնի արդյունավետ աջակցման քաղաքականություն, թե ոչ։

Ալիտա Եղիազարյան

Send