Օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտում Հայաստանը նահանջ է գրանցել նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։
180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականն այն դեպքում, երբ նախորդ տարի՝ 73.96 միավորով 34-րդ տեղում էր, իսկ 2024 թվականին՝ 71.6 միավորով 43-րդ հորիզոնականում, 2023-ին՝ 70.61 միավորով՝ 49-րդում։ Թեև, ըստ զեկույցի, Հայաստանը տարածաշրջանում շարունակում է համարվել մամուլի ազատության առումով առաջատար։
Օրինակ՝ Վրաստանը այս ցուցանիշով 135-րդ տեղում է (նախորդ տարի՝ 114-րդ), Ադրբեջանը՝ 171-րդ (2025-ին՝ 167-րդ), Թուրքիան՝ 163-րդ (2025-ին՝ 159-րդ), Իրանը՝ 177-րդ (նախորդ տարվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով), իսկ Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ հորիզոնականով նահանջել է և այժմ 172-րդն է։
Արձանագրենք, որ նշված երկրների ղեկավարները ամեն պատեհ ու անպատեհ առիթներով չեն հայտարարում, թե իրենց երկրները ամենաժողովրդավարներն են կամ ձգտում են դառնալ ժողովրդավարության օրինակելի մոդելներ։ Այդ առումով, եթե Հայաստանը հավակնում է նման դիրքի, ապա մամուլի ազատության ցուցանիշով առնվազն պետք է գտնվեր լավագույն տասնյակում։ Սակայն այն միայն հինգերորդ տասնյակում է, ինչը պետք է մտորելու տեղիք տա ՀՀ իշխանություններին՝ հատկապես Արևմուտքում իրենց հեղինակության և վարկանիշի տեսանկյունից։
Շատ է խոսվում դեպի Եվրամիություն ինտեգրվելու մասին, սակայն միաժամանակ արվում են քայլեր, որոնք կարող են հակասել այդ ճանապարհին սահմանված չափորոշիչներին։ Արդյունքում չի բացառվում, որ նման քաղաքականության հետևանքով Հայաստանը բախվի վստահության անկման։ Զեկույցում, ըստ էության, կարելի է նկատել նաև այսպիսի նախազգուշացում։
Միջազգային կազմակերպության զեկույցում, որտեղ մամուլի ազատության վիճակը Հայաստանում գնահատվել է որպես «խնդրահարույց», երկրի նահանջը հիմնավորվում է մի շարք գործոններով՝ իշխանությունների վերաբերմունքով մամուլի նկատմամբ, վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով դատական հայցերի աճով, լրատվամիջոցների վրա զսպող ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես նաև լրագրողների նկատմամբ ատելության խոսքի տարածմամբ։
MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է այն օրենսդրական նախաձեռնություններին և օրենքներին, որոնց միջոցով, ըստ գնահատականների, փորձ է արվում սահմանափակել հատկապես ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցների գործունեությունը, ստեղծել ճնշման մեխանիզմներ, խթանել ինքնագրաքննությունը և ձևավորել վախի մթնոլորտ՝ սահմանափակելով հանրության՝ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։
Չնայած մամուլը համարվում է «չորրորդ իշխանություն», որի գործառույթն է վերահսկել իշխանությունների գործողությունները, ապահովել թափանցիկություն և ծառայել որպես կամուրջ հանրության ու իշխանությունների միջև, իրականում դաշտում առկա են լուրջ խնդիրներ։ Ընդդիմադիր և իշխանական մամուլի տարանջատումը հաճախ դիտարկվում է որպես պայմանական, քանի որ մամուլը, իր բնույթով, պետք է հանդես գա քննադատական դիրքերից, այլապես կարող է վերածվել իշխանության խոսնակի։
Հետևաբար, իշխանության քայլերը միայն ընդդիմադիր մամուլի դեմ ուղղված գնահատելը լիարժեք չէ․ դրանք վերաբերում են ամբողջ մեդիա դաշտին։ Եթե իշխանամերձ լրատվամիջոցների նկատմամբ դրսևորվում է հանդուրժողական վերաբերմունք, իսկ քննադատական լրատվամիջոցների նկատմամբ՝ անհանդուրժողականություն, ապա մամուլի ազատության ընդհանուր գնահատականը պետք է հիմնվի հենց այդ տարբերակված մոտեցման վրա։
Զեկույցում տեղ գտած այն ձևակերպումը, թե «Չնայած Հայաստանի բազմազան մեդիա լանդշաֆտին՝ լրատվամիջոցները մնում են բևեռացված», ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը։ Լրատվամիջոցը չի կարող լինել նույն բևեռում իշխանության հետ։ Ավելի ճշգրիտ կլիներ արձանագրել, որ որոշ լրատվամիջոցներ գործում են իշխանության ազդեցության ներքո կամ նույնիսկ ստեղծվել են այդ նպատակով։
Զեկույցում անդրադարձ չկա նաև այն խնդրին, որ հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է հարկատուների միջոցներով, հաճախ չի ապահովում բազմակարծություն և չի ծառայում ամբողջ հանրության շահերին։
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում ատելության խոսքը հասել է աննախադեպ մակարդակի՝ պայմանավորված ներքաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ։ Առանձնապես զգայուն թեմաներ են Ադրբեջանի հետ բանակցությունները և հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը։
Այս պայմաններում լրագրողները հաճախ բախվում են ապատեղեկատվական արշավների, հիբրիդային ազդեցությունների և ուղղակի թիրախավորման։ Զեկույցում նշվում է նաև, որ լրագրությունը որպես մասնագիտություն նսեմացվում է, իսկ քաղաքական վերնախավի հռետորաբանությունը նպաստում է անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։ Լրագրողները ենթարկվում են վիրավորանքների, ճնշումների, դատական հետապնդումների, ինչը խթանում է ինքնագրաքննությունը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է նաև, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք կապված են խոշոր քաղաքական ուժերի հետ, շարունակում են գործել ճնշման պայմաններում՝ իրենց խմբագրական քաղաքականության պատճառով։ Սակայն չի հստակեցվում, թե ինչ է ենթադրում այդ քաղաքականությունը և որքանով է այն առնչվում ազգային և պետական շահերին։
Իրականում, անկախ ֆինանսավորման աղբյուրներից, բազմաթիվ լրատվամիջոցներ միավորված են մեկ նպատակով՝ բարձրաձայնել երկրի խնդիրները, ներկայացնել հանրային մտահոգությունները և, անհրաժեշտության դեպքում, ահազանգել դրանց մասին։ Սա է նրանց հիմնական տարբերությունը այն լրատվամիջոցներից, որոնք սահմանափակվում են իշխանությունների գործողությունների միակողմանի լուսաբանմամբ։
Թագուհի Ասլանյան

Русский