Հունիսի 24-25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին։
Bloomberg գործակալությունն անդրադարձել է Գրիգորյանի այս մասնակցությանը և գրել, որ իր տվյալներով՝ ֆորումը, որը համատեղ կազմակերպում են Լեհաստանն ու Ուկրաինան, մոտ 100 երկրների պատվիրակություններ կհավաքի: Bloomberg-ը նշում է, որ Երևանի մասնակցությունը միջոցառմանը, որը տեղի է ունենում Մոսկվայի կողմից «ուժեղացող տնտեսական ճնշման» ֆոնին, ընդգծում է Հայաստանի շարունակվող հեռացումը Ռուսաստանից և մերձեցումը Եվրոպական միությանը։
Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը հերթական ազդակն է, որ Երևանը փորձում է ակտիվացնել կապերը եվրոպական գործընկերների հետ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը MediaHub-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե այս մասնակցությունը որքանով կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ դրանք արդեն իսկ գտնվում են սրման փուլում։ «Դժվար է ասել՝ հայ-ռուսական հարաբերություններն ավելի կսրվեն, թե ոչ, որովհետև դրանք գնալով այսպես թե այնպես սրվում են։ Ամենից շատ հարաբերությունների սրմանը նպաստում են վարչապետի քայլերն ու հայտարարությունները, իսկ մնացած գործոններն արդեն երկրորդական են»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ Դանիելյանը նշեց, որ դա ևս կարող է խոսել հարաբերությունների ներկայիս վիճակի մասին։
«Չեմ կարող ասել՝ կշնորհավորի, թե ոչ, սակայն ենթադրելի է, որ չի շնորհավորի։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հարաբերությունները որոշակի մակարդակով կպահպանվեն։ Կունենանք կիսասառը հարաբերություններ, մինչև աշխարհաքաղաքական իրավիճակի որևէ փոփոխություն տեղի ունենա։ Այդ փոփոխություններից հետո արդեն Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումներն ավելի հստակ կդառնան»,- ասաց նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ մոտ ապագայում կտրուկ զարգացումների սպասել պետք չէ, սակայն օրակարգում շարունակում է մնալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը։ «Այս պահին որևէ սուր զարգացում սպասել պետք չէ, բայց հարցը մնում է բաց՝ Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞՝ ոչ։ Ժամանակ է տրվել, և այժմ սպասում են պաշտոնական պատասխանին»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский