MediaHub-ի տեղեկություններով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Նիկոլ Փաշինյանի նախկին պաշտպան Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները։
Խիստ նկատողություն է տրվել դատավոր Գագիկ Հարությունյանին։ Նկատողություն են ստացել նաև դատավորներ Աննա Արզումանյանը և Արմեն Վարոսյանը։
Նշենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Խնդիրն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ, դատավորի հայրն ու եղբայրը հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով, որը որակել են քաղաքական հետապնդում։ Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Ըստ բաց աղբյուրներում ներկայացված ինքնակենսագրական տվյալների՝ Գիվի Հովհաննիսյանը 2002-2008թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում, նախ՝ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ: 2008 թվականի հոկտեմբերի 14-ից 2022 թվականի օգոստոսի 1-ը նա եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Իսկ օգոստոսի 1-ից արդեն ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Գիվի Հովհաննիսյանն իր փաստաբանական կարիերայի առաջին տարիներին ստանձնել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, երբ նախկին ընդդիմադիր, այժմ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում նախ՝ «Կոշ», ապա՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում: Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավոր Գիվի Հովհաննիսյանը նաև տարբեր դատական վեճերի կողմ է հանդիսանում: Դատավորի նախկին կնոջ՝ Կարինե Ալբերտյանի հայրը՝ Մաթևոս Ալբերտյանը, տարբեր առիթներով նշել է, որ նախկին փեսան, չարաշահելով դստեր վստահությունը, յուրացրել է նրան պատկանող գույքը։
Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, ապա նա 19.11.2013-25.09.2014թթ. աշխատել է նախ՝ ԿԱ ՊԵԿ Նոր-Նորքի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների վարչության, ապա՝ Ֆինանսների նախարարությամ հարկային ծառայության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնի առաջին կարգի, ապա՝ առաջատար մասնագետի պաշտոններում: 30․12․2014-09․03․2016թթ․ աշխատել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ: 24․11․2016-13․05․2020թթ․ աշխատել է Քննչական կոմիտեի նախ՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետև Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: 18․05․2020-22․09․2021թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերի քննիչ: 22․09․2021-20․05․2022թթ․ աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական: 27․06․2022-01․02․2023թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում՝ որպես վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար: 15․09․2022թ․-13․10․2022թ․ կատարել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները: 01․02․2023-10.07.2023թթ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում՝ որպես նախագահի խորհրդական։ 14.07.2023թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-243-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր: 2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-323-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իսկ ահա Աննա Արզումանյանը և Արմեն Վարոսյանը քաղաքացիական գործեր քննող դատավորներ են։

Русский