Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թոշակների բարձրացո՞ւմ, թե՞ խաբկանք. իրականում թոշակները նվազել են

Blog Image

Վերջին շրջանում հանրության մոտ լայն քննարկում է առաջացել՝ թոշակների գրեթե անփոփոխ մնալու և շուկայում նկատվող գնաճի վերաբերյալ։ Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հետ։

-Տարեսկզբից ուժի մեջ է մտել թոշակների 20 տոկոս հետվերադարձի մասին օրենքը՝ նախկին 12 տոկոսի փոխարեն: Ի՞նչ դիտարկումներ կան օրենքի կիրառման հետ կապված, ինչպիսի՞ն է թոշակառուների արձագանքը: Մասնագետները նշում են օրենքի թերի լինելու մասին, մասնավորապես, դրա անհամաչափ կիրառման ու մասնակի հասանելիության:

-Ինչպես կանխատեսում էինք, օրենքի բացերից ամենաակնհայտն այն է, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել դրա հնարավորություններից։ ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել անկանխիկ (քարտային) գնումներ: Օրինակ՝ մարզերում, հատկապես փոքր քաղաքներում ու գյուղական համայնքներում չկան այդ տեխնիկական հնարավորությունները՝ քարտային վճարման սարքեր, բանկոմատներ: Բացի դրանից, մեր տարեցները սովոր չեն անկանխիկ գնումներ կատարելուն, երբեմն դա բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում: Հատկապես ձևավորված ավանդույթով պայմանավորված. տարեցները սովոր են կանխիկ գնումներ կատարել և վերահսկել իրենց ծախսերը: Հետվերադարձի մեջ ներառված չեն կոմունալ, վարկային, օնլայն վճարումները, ուղեվարձը, գումարային փոխանցումները: Միայն անկանխիկ գնումներն են նախատեսում հետվերադարձ: Առավելագույնը ծախսվող 50 հազար դրամի դեպքում է հաշվարկվում, որը կազմում է 10 հազար դրամ: Եթե մարդը նվազագույն թոշակ է ստանում՝ 36 հազար դրամ, ապա պետք է ամբողջ գումարը նպատակային ծախսի, այսինքն՝ միայն անկանխիկ գնումներ անի, որպեսզի գոնե 7 հազար դրամ հետվերադարձ ստանա: Սակայն գործնականում հնարավոր չէ պատկերացնել, որ թոշակառուները բացառապես անկանխիկ գնումներ կատարեն, քանի որ կոմունալ վճարումներ են անում, ոմանք վարձով են բնակվում, օգտվում են հանրային տրանսպորտից, գյուղմթերքների շուկայից գնումներ են կատարում և այլն: Մեծ մասամբ վերադարձվող գումարը կազմում է միջինը 4-5 հազար դրամ: 

Հետևաբար 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 20 տոկոս հետվերադարձի օրենքը թերի է այնքանով, որ 600 հազարից ավելի նպաստառու, հաշմանդամություն ունեցող և կենսաթոշակառու ՀՀ քաղաքացիների գրեթե կեսը չի կարողանում օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից կամ մասամբ են օգտվում, և ստացվում է, որ նրանք անհավասար պայմաններում են, և իրենց իրավունքները ոտնահարվում են: Այսինքն՝ թոշակի թվացյալ բարձրացումն անհամաչափ է, իբրև թմբկահարում են, թե թոշակները բարձրացրել են, բայց կողմնակալություն է  դրսևորվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շատ խորամանկ քայլ արեց՝ կախատեսելով, որ տարեցտարի թոշակառուների թիվն ավելանալու է, իսկ գրանցված աշխատողներինը լավագույն դեպքում մնալու է նույնը (մոտ 810 հազար գրանցված աշխատող), վատագույն դեպքում՝ նվազելու է՝ արտագաղթի տեմպերով և ծնելիության նվազումով պայմանավորված։ Մինչև 2023 թիվը թոշակառուների և գրանցված աշխատողների թիվը հավասարվելու է, եթե իհարկե թոշակառուների թիվը չգերազանցի աշխատողների թվին: Ուստի ավանդական ձևով թոշակների բարձրացման դեպքում պետական բյուջեի ֆինանսական բեռն այդ ուղղությամբ ծանրանալու է, ինչի մասին վերջերս Թորոսյանն ինքն էլ նշեց՝ ակնարկելով, թե թոշակառուները երկար են ապրում։ Հետևաբար որոշեցին հարցին խորամանկ լուծում տալ: Շատ լավ գիտակցելով, որ այս օրենքից լիարժեք կարող են օգտվել թոշակառուների, լավագույն դեպքում, կեսը՝ թոշակի բարձրացումն իրականացրեցին հետվերադարձի համակարգով, որպեսզի խնայեն բյուջեի առանց այն էլ սուղ միջոցները: 


-Արսեն Թորասյանի մտահոգությունը, թե կգա մի օր, երբ թոշակառուների թիվը կգերազանցի աշխատողների թվին, խոսում է այն մասին, որ իրոք ճգնաժամային իրավիճակում ենք՝ սոցիալական խնդիրները հոգալու առումով: Դուք մի առիթով ասել եք, որ իշխանությունը այդ հարցը լուծելու նպատակով կգնա ծայրահեղ քայլի և կբարձրացնի թոշակառուների տարիքային շեմը: Հիշում ենք նաև Փաշինյանի հայտարարությունները այն մասին, թե 70 տարեկանը ինչ տարիք է թոշակի գնալու համար, թող գնան, բիզնես դնեն: Սա ևս ամրապնդում է Ձեր կանխատեսումը: Արդյո՞ք դա հարցի լուծում կլինի:

-Այո, իշխանությունը կփորձի այդ խնդիրը հենց թոշակի տարիքային շեմը բարձրացնելու միջոցով լուծել՝ ելնելով օբյեկտիվ մի շարք գործոններից: Առաջին՝ երկրի ժողվրդագրական պատկերից. ՀՀ-ում ծնելիությունը տարեցտարի նվազում է, ինչը բացասաբար է անդրադառնում ազգաբնակչության բնական աճի վրա և ապագայում աշխատուժի շուկայի համալրման։ Դա հանգեցնելու է սոցիալ-տնտեսական մեծ աղետի: Երկրորդ գործոնը ՀՀ երիտասարդ ընտանիքների արտագաղթն է: Արտագաղթում են հիմնականում երիտասարդներն իրենց անչափահաս երեխաներով, ինչի հետևանքով նոսրանում է աշխատուժի շուկան, ապագա մասնագետները լքում են երկիրը: Երրորդ գործոնը մահացության, թմրամոլության, խաղամոլության, հանցագործության աճն է: Սրա հետևանքով ազգաբնակչության թիվը նվազում է կամ մարդիկ դառնում են ոչ աշխատունակ (հասարակությունը դեգրադացվում է): Բնական է, որ ՀՀ կենսաթոշակառուների թիվն ավելանում է, մարդիկ ծերանում են: Ընդունված միջազգային փորձից ելնելով՝ երբ մեկ թոշակառուին բաժին է ընկնում երեք գրանցված աշխատող, օրվա կառավարությունը հետաձգում է թոշակառուների տարիքային շեմի բարձրացումը, դեռ իրավիճակը վերահսկելի է: Իսկ երբ մեկ թոշակառուին բաժին է ընկնում երկու աշխատող, կառավարությունը մտահոգվում է, ելքեր է փորձում գտնել իրավիճակը վերահսկելի դարձնելու համար։ Դրա վառ օրինակը 20 տոկոս հետվերադարձի օրենքն է: Իսկ ՀՀ-ում այս պահին մեկ թոշակառուին բաժին  է հասնում 1, 3 աշխատող: Ունենք մոտ 800 հազար աշխատող և 600 հազարից ավելի թոշակառու: Կառավարությանն այս դեպքում այլ բան չի մնում, որ օբյեկտիվ պատճառներով թոշակառուների տարիքային շեմը բարձրացնի: Նման միջազգային փորձն առկա է, օրինակ Ֆրանսիայում, Ռուսաստանում, պատրաստվում են Գերմանիայում բարձրացնել: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բնակչության թիվն ավելացնելու համար՝ խթանելով ծնելիությունը, նվազեցնելով արտագաղթը: Բայց այլ ճանապարհով է գնում, քանի որ այդ պարտավորություններն ի վիճակի չէ կատարել։

 

-Իշխանությունը հայտարարոմ է , թե թոշակ է բարձրացրել՝ անկախ նրանից, թե ինչ միջոցով: Բայց արդյո՞ք, այսօրվա գնաճը նկատի ունենալով, կարող ենք ասել, որ իրապես թոշակների ծավալը ավելացել է, փողը արժևորվել է, այսինքն՝ թոշակի բարձրացումով մարդկանց կենսամակարդակը ևս բարձրացել է:

-Այսօրվա պետական բյուջեի կառուցվածքը և պետական բյուջեի դեֆիցիտը, ինչպես նաև կառավարության արտաքին և ներքին պարտքի ծավալը, որը գերազանցում է 14,5 միլիարդ դոլարը, չի կարող բացասական չանդրադառնալ ազգաբնակչության բոլոր շերտերի կենսամակարդակի վրա: 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվում է հասցնել մոտ 3 տրիլիոն 92 մլրդ դրամի, իսկ ծախսային մասը՝ 3 տրիլիոն 628 մլրդի, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ 537 մլրդ է հաշվարկվել: Ելնելով պետական բյուջեի այս տարվա դեֆիցիտից՝ միայն 26 թվակաին կառավարության արտաքին և ներքին պարտքը ավելանալու է այսօրվա դոլար-դրամ փոխարժեքային կուրսով մոտ 1,5 մլրդ դոլարով: Հետևաբար 27 թվականի հունվարի մեկին կառավարության արտաքին և ներքին պարտքը գերազանցելու է 16 մլրդ դոլարը, եթե լիարժեք պետական բյուջեով նախատեսվող եկամուտները ամբողջությամբ հավաքագրեն: 

Պետական բյուջեի կառուցվածքը, դեֆիցիտը և արդեն իսկ առկա արտաքին և ներքին պարտքը ամբողջությամբ անդրադառնում է ազգաբնակչության բոլոր շերտերի վրա, հատկապես սոցիալապես անապահով խավի՝ թոշակառուների, նպաստառուների և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների: Որքան բարձր է արտաքին և ներքին պարտքը, այնքան բացասաբար է այն անդրադառնում տվյալ երկրում արտադրվող, ներմուծվող ապրանքների վերջնական արժեքի վրա, ինչպես նաև մատուցվող ծառայությունների արժեքի՝ ելնելով ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունից: Հասկանալի լեզվով ասած՝ որքան շատ է պարտքը, այնքան գներն աճում են: Յուրաքանչյուր քաղաքացի այս պահին ունի մոտ 5000 դոլար պարտք՝ կառավարության արտաքին և ներքին պարտքի սպասարկման հետևանքով. միայն մայր գումարը մարելու դեպքում: Եթե հաշվարկենք նաև տոկոսները և վարկի սպասարկումը, այդ գումարը զգալիորեն ավելանում է՝ նվազագույնը 7-10 տոկոսով: Ուստի այն քաղաքական ուժերը, որոնք նշում են, թե հնարավոր է բարձրացնել թոշակները 30-50 տոկոսով կամ 150 հազար դրամով, անիրականանալի հայտարարություն են անում, այդ դեպքում լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ավելանալու պետական բյուջեի կատարողականի վրա, իսկ դա լրացուցիչ պարտք վերցնելով պետք է համալրվի, ինչը բացասաբար կանդրադառնա տնտեսության բոլոր ոլորտների վրա՝ ընդհուպ համակարգի փլուզում:

Մյուս կողմից էլ իշխանության պնդումը, թե թոշակ են բարձրացրել, տեսականորեն ճիշտ է, բայց գործնականում հակառակն է, քանի որ ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են շեշտակիորեն՝ վերը նշված գործոններով: Դա ազդում է թոշակառուների գնողունակության վրա: Հետևաբար հետ վերադարձվող մի քանի հազար դրամը չի կարող ծածկել այդ գնաճը։ Ստացվում է, որ այսօրվա իբրև բարձրացված թոշակը արժեզրկվել է և դրանով ավելի քիչ պարեն կարելի է ձեռք բերել կամ ավելի քիչ ծառայություններից է հնարավոր օգտվել։ Թոշակառուներն արդեն իրենց մաշկի վրա զգում են այդ խաբկանքը և բողոքը համատարած է։

Թագուհի Ասլանյան

Send