Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հերթը հասավ ՆԶՊ-ին. «խաղաղության» պայմաններում զենքից օգտվելու հմտություններն ո՞ւմ են պետք

Blog Image

ՔՊ-ական իշխանությունը կրթական ոլորտում նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում տեղադրվել է ԿԳՄՍ նախարարության նախագիծը, որով առաջարկվում է 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով։

Ըստ ներկայացված նախագծի՝ 8-րդ դասարանի աշակերտների համար ռազմագիտության բաղադրիչը կփոխարինվի քաղաքացիական պաշտպանության և անվտանգության թեմաներով։ Սակայն առայժմ հստակ չէ՝ փոփոխությունը վերաբերում է միայն 8-րդ դասարանի՞ն, թե՞ նախատեսվում են փոփոխություններ նաև 9-12-րդ դասարաններում։

MediaHub-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից, սակայն գերատեսչությունից ինչպես միշտ գրավոր հարցում խնդրեցին՝ ընդամենը մեկ հաստատման կամ հերքման համար։ Նշենք, որ հարցն այն մասին էր, թե արդյո՞ք նախագիծը միայն 8-րդ դասարանին է վերաբերում։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ խոսք չկա առարկայի ամբողջական հանման մասին։

«Դա չի նշանակում, որ առարկան հանվում է 9-12-րդ դասարաններում։ Ենթադրաբար փորձել են հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները և 8-րդ դասարանում շեշտը դնել անվտանգության թեմաների վրա։ Եթե ռազմագիտության բուն մասը պահպանվում է բարձր դասարաններում, այստեղ խնդիր չեմ տեսնում։ Բայց հարցը պետք է դիտարկել ամբողջական։ Եթե 9-10-րդ դասարաններում ևս կրճատումներ լինեն, դա արդեն այլ խնդիր է։ Մինչև 16 տարեկան երեխաների ռազմական կրթության հետ կապված բավականին խիստ միջազգային չափանիշներ կան, և Հայաստանին նախկինում դիտողություններ են արվել այն պատճառով, որ փոքր տարիքի երեխաները զենքի հետ կապված դասեր են անցնում։ Հնարավոր է՝ նախարարությունը հենց այդ դիտարկումները հաշվի առնելով է որոշել ռազմագիտության մասը թողնել բարձր դասարաններին»,- նշեց Խաչատրյանը։ 

Փորձագետի խոսքով՝ փոփոխության գնահատականը կախված է նրանից, թե ինչպիսի ամբողջական լուծում կստանա ծրագիրը։ Եթե ռազմական պատրաստության հիմնական բաղադրիչը պահպանվի ավագ դպրոցում, իսկ միջին դպրոցում շեշտը դրվի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում վարքագծի և անվտանգության հմտությունների վրա, ապա դա կարելի է դիտարկել որպես տարիքային առանձնահատկություններին համապատասխանեցված մոտեցում։

Այսպիսով, առայժմ պարզ չէ՝ խոսքը կրթական ծրագրի վերանայման սահմանափակ քայլի մասին է, թե ավելի լայն փոփոխության։ Վերջնական պատկերը կձևավորվի նախարարության պաշտոնական պարզաբանումից հետո։

Ալիտա Եղիազարյան

Send