Վաղը՝ մայիսի 14-ին Կառավարության հերթական նիստը կանցնի առանց Փաշինյանի։ Նա և թիմակիցներից շատերը հիմնական գործը թողած, արձակուրդ են վերցրել ու քարոզարշավ են իրականացնում։
Չնայած դրան, բավականին կարևոր օրակարգային հարցեր հենց վաղը կընդունվեն։ Այսպես, MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության նիստի օրակարգը. նախագծերից մեկով կանոնակարգվելու է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը՝ տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտը խթանելու անհրաժեշտությամբ։
Սև և գունավոր մետաղներից պատրաստված արտադրանքը, որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, կարևոր դեր ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս համատեքստում, հատկապես միջազգային տնտեսական ոչ բարենպաստ պայմանների ֆոնին, առաջնահերթ է դառնում Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչը անհրաժեշտ է մրցունակ պատրաստի արտադրանք ստանալու համար։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ որպես հումք ներմուծվող՝ թե՛ ԵԱՏՄ երկրներից, թե՛ երրորդ երկրներից ներկրվող սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելը տնտեսապես ոչ նպատակահարմար է։ Դա պայմանավորված է ներմուծվող հումքի բարձր գներով, ինչպես նաև երկաթուղային փոխադրումների սահմանափակ հնարավորություններով և մեծ լոգիստիկ ծախսերով։ Արդյունքում՝ տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը, բարձր ինքնարժեքի պատճառով, հաճախ դառնում է ոչ մրցունակ անգամ ներքին շուկայում՝ ներմուծվող նույնանման ապրանքների համեմատ։
Նշվում է նաև, որ մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերություններին ապահովելու նպատակով ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներն արդեն սահմանափակել կամ արգելել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը, ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական արտադրանքով ապահովելու, ինչպես նաև ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկումը խթանելու համար։

Русский