Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«99.9 տոկոսը արտագրված է»․ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից՝ դատարանի վճռի և նոր բողոքի մասին

Blog Image

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր նոր ուղերձ է հղել՝ ներկայացնելով իր և մյուս հայ բանտարկյալների դատավարության վերջին զարգացումները։ Բաբայանի խոսքով՝ վերջին 10–12 օրերի ընթացքում տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին իրենց է տրամադրվել վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը։ Բաբայանի խոսքով՝ փաստաթուղթը բաղկացած է 47 հատորից, սակայն ներկայացված տարբերակներում, իր պնդմամբ, ստորագրություններ կամ դրանց իսկությունը հաստատող նմուշներ չեն եղել։

Բաբայանը նաև պնդում է, որ վերաքննիչ դատարանի որոշումը հիմնականում կրկնում է առաջին ատյանի դատական ակտը։

«Այս վճիռը 99.9 տոկոսով, փաստորեն, արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից»,-ուղերձում ասել է նա՝ հավելելով, որ իր ներկայացրած հակափաստարկների մի մասը, իր գնահատմամբ, դուրս է մնացել փաստաթղթից։

Այսպիսով՝ Բաբայանի գործով դատական գործընթացը շարունակվում է արդեն Ադրբեջանի դատական համակարգի հաջորդ՝ վճռաբեկ ատյանում։ Պաշտպանական կողմը դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ վիճարկելով նախորդ ատյանի դատական ակտը։

«Իրավական առումով վճռաբեկ բողոքը նոր փաստերի ամբողջական վերաքննություն չէ․ այն սովորաբար ուղղված է ստորադաս դատարանների կողմից իրավունքի կիրառման հարցերի, դատավարական էական խախտումների և օրենքով նախատեսված այլ հիմքերի ստուգմանը։ Հետևաբար, վճռաբեկ ատյան դիմելը ինքնին չի նշանակում, որ նախորդ դատական ակտը վերացված է կամ գործով վերջնական այլ արդյունք է արձանագրվել»,-MediaHub-ին փոխանցեց իրավաբան Անուշ Ավագյանը։

Բաբայանը, սակայն, իր ուղերձում շեշտել է, որ իրենց պայքարը շարունակվելու է։

«Մենք չենք հուսահատվում, իրավունք էլ չունենք, չենք էլ հուսահատվելու, կանգնած ենք ամուր»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցողներին։

Send