Կառավարությունն ավելի քան 52 մլն եվրո կհատկացնի Իջևանում ու Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով մարզադաշտեր կառուցելու համար։
Գործադիր մարմինն այսօր հավանություն է տվել մեկ անձից գնման ընթացակարգով դրանց կառուցումն իրականացնելու որոշմանը։
2029-ին Հայաստանում և Վրաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մարզադաշտերը կառուցվում են այդ մրցաշարը հյուրընկալելու համար։
Ծրագրված է, որ մարզադաշտերը կունենան առնվազն 10 հազար նստատեղ։ Մարզադաշտերի նախագծումն իրականացնում է «Venueera Holding» միջազգային կազմակերպությունը։ Այս ընկերությունը ներգրավված է խոշոր մարզադաշտերի կառուցման գործընթացում, ինչպիսիք են Ռուսաստանում «Gazprom Arena», Հունգարիայում «Puskas Arena» ստադիոնները, Միացյալ Նահանգներում «Capital One Arena», Ֆրանսիայում «Accor Arena» սպորտային համալիրները։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը նշել է, որ մարզադաշտերի կառուցումը պետք է ավարտված լինի 30 ամիս անց, որից 24 ամիսը բուն շինարարության փուլն է։ ՈՒԵՖԱ-ն պահանջել է, որ մարզադաշերը պատրաստ լինեն ամենաուշը 2029-ի մարտին։
«Venueera Holding»-ը նաև «գործակալական վճար» կստանա սահմանված արժեքի մինչև 12 տոկոսի չափով։
Կառավարությունը հայտարարել է նաև «Ակադեմիական քաղաքի» տարածքում Ազգային մարզադաշտի կառուցման մասին։ Նախնական տվյալներով՝ այն ունենալու է 35 հազար նստելատեղ։

Русский